211652_close_icon
views-count827 դիտում article-date 15:34 17-05-2019

Հայաստանի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ. Նախագահը հանդիպել է Nokia-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ։ Խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն արագորեն փոփոխվում է տեխնոլոգիաների, հետևաբար նաև՝ Nokia-ի նման ընկերությունների շնորհիվ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը նորարարությունների, ստարտափների հարթակ է, և երկրի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ։ Զրուցակիցները հատկապես կարևորել են կրթական համակարգի դերը՝ այն դիտարկելով որպես այդ ամենի հիմքը։ Նշելով, որ մեր երկիրը Խորհրդային Միությունից ժառանգել է բավականին լավ կրթական համակարգ, նախագահ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը բաց է դեպի նորը։ «Մենք մեծ կարևորություն ենք տալիս կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին՝ խրախուսելով երիտասարդներին առաջարկելու նոր գաղափարներ, յուրացնելու նոր տեխնոլոգիաներն ու ստեղծելու ստարտափեր»,-ընդգծել է նա: Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ասել է, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով: Նա նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում հաջողակ լինելու են այն երկրները, որոնք լավ հիմք են պատրաստում այդ փոփոխությունների համար։ Նախագահ Սարգսյանը ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Nokia Corporation-ը մասնագիտացած է հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրական սարքերի արտադրության ոլորտներում: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում ու զգալի միջոցներ է ներդնում տեխնոլոգիական նոր լուծումների հայթայթման, դրանք իրենց արտադրանքում կիրառելու վրա:

Նմանատիպ նյութեր