211652_close_icon
views-count1235 դիտում article-date 20:10 16-05-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների չորս աշակերտների՝ ուղեկցությամբ դպրոցի տեսուչ, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի և դպրոցի տնօրեն տիկին Սուսաննա Վարդանյանի: Տեսուչ Հայր Սուրբը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին կրթական հաստատության հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հայրական խնամքի համար, տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի կողմից հռչակված Ընտանիքի տարվա շրջանակներում, մայիսի 15-ին` Ընտանիքի միջազգային օրը, դպրոցում կազմակերպվել էր միջոցառում ծնողների համար՝ նպատակ ունենալով նրանց ուշադրությունը հրավիրել ընտանեկան արժեքներին, ինչպես նաև աշակերտներն այցելել էին ապրիլյան քառօրյայում զոհված զինվորի ընտանիքի անդամներին և հանդիսություն կազմակերպել «Քյուրքչյան» խնամքի կենտրոնի երեխաների համար: Այդ արժեքների զորացման գործում Հայր Զաքարիան կարևորեց եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությունը` ընդգծելով, որ որքան հզոր և ամուր է ընտանիքը, այնքան ուժեղ է ժողովուրդն ու պետությունը: Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով աշակերտներին, ընդգծեց դպրոցականների և երիտասարդության մեջ ընտանեկան և հոգևոր-բարոյական արժեքների սերմանման կարևորությունը` հորդորելով նրանց ամեն ջանք գործադրել՝ լավ մարդ և քրիստոնյա լինելու համար։ Նորին Սրբությունը նշեց, որ դարերի ընթացքում հայի համար ընտանիքն ընկալվել է իբրև փոքրիկ դրախտ և սրբություն, պատմության ընթացքում այդ հաստատուն հենքի շնորհիվ են կերտվել հաղթանակները, արձանագրվել ձեռքբերումներն ամենատարբեր ոլորտներում: Խոսելով քրիստոնեական ավանդական ընտանիքի արժեհամակարգը խաթարող ժամանակակից մարտահրավերների և երևույթների մասին` Նորին Սրբությունը կարևոր համարեց հասարակության` ամուր ընտանեկան և բարոյական արժեքներով դաստիարակությունը: Հանդիպմանը Հայոց Հայրապետն աշակերտներից հետաքրքրվեց նրանց ուսումնական ընթացքով, նախասիրություններով և դպրոցում առկա պայմաններով: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց աշակերտներին, նվերներ ընծայեց ի գնահատություն ուսումնառության մեջ նրանց արձանագրած հաջողությունների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր