3458 դիտում
23:13 16-05-2019
Պոլսի հայոց պատրիարքարան. «Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել»
Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում հայաստանցի 13-ամյա տղայի՝ ուղիղ եթերում իբրև իսլամ ընդունելու աղմկահարույց միջադեպի վերաբերյալ:
Աթեշյանը հայտարարության մեջ նշել է, որ այդ ցավալի միջադեպը չի ընդունվել ոչ միայն հայ համայնքի, այլ իսլամական համայնքի մի շարք շրջանակների կողմից:
Վերջինս տեղեկացրել է, որ իր հետ կապ է հաստատել այդ հաղորդումը վարած թուրք աստավածաբան Նիհաթ Հաթիփօղլուն, ով պնդել է, որ հայ երեխան ինքնակամ է եկել հաղորդմանը, իսկ իրենք քրիստոնեությունը կամ հայերին նվաստացնելու նպատակ չեն ունեցել, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/05/16/%D4%B1%D5%A9%D5%A5%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD/155005]Ermenihaber.am[/url]-ը:
«Այդ զրույցի ժամանակ մենք էլ մեր տեսակետները հայտնեցինք»- գրել է Աթեշյանը՝ շարադրելով դեպքի վերաբերյալ Հաթիփօղլուին հայտնած իր դիրքորոշման դրույթները.
1.Նախևառաջ 13 տարեկան երեխան չափահաս չէ և չի կարող կրոնափոխ լինելու որոշում ընդունել:
2.Նման ուղղվածությամբ հաղորդումը միայն կրոնական պրոպագանդայի տպավորություն է ստեղծում և չի կարող կապ ունենալ խղճի ազատության հետ:
3.Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել: Եթե երեխայի հայրը չկա և ողջ է միայն մայրը, ապա մայրը նույնպես պետք է մուսուլման լինի (ընդունած լինի իսլամ- խմբ.) և այդ դեպքում երեխան ինքնաբերաբար մուսուլման կհամարվի: Եթե երեխայի հայրը ողջ է և մուսուլման է, ապա երեխան այսպես թե այնպես հոր կրոնի ներկայացուցիչ է համարվում: Այսպիսով այդ հեռաարձակումը չի կարող իմաստ ունենալ:
4.Մենք, որպես հայերին ներկայացնող եկեղեցի, նույնիսկ 18 տարեկանից բարձրերին չենք ընդունում քրիստոնեության շարքերը: Եթե պիտի ընդունենք, կանչում ենք ընդունվողի ընտանիքի անդամներին ու ստանում նրանց գրավոր համաձայնությունը: Վերջում պետք է քրիստոնեություն ընդունողների անձնագրերում հիշատակվի այդ մասին: Ընդունելիք կրոնի մասին պատկերացում ունենալու համար 6 ամիս տևողությամբ հոգևոր և բարոյական պատրաստություն է անցկացվում և ամենավերջում իրականացվող մկրտությունից հետո դիմողը քրիստոնյա է դառնում:
5. Մենք բոլոր կրոնների նկատմամբ հարգանք ունենք: Կասկած չունեմ, որ Դուք էլ այլ կրոնների նկատմամբ հարգանք ունեք: Ցավալի է, որ նման բաները հեռուստատեսությամբ օգտագործվում են ռեյտինգ բարձրացնելու համար:
Աթեշյանը նշել է, որ զրույցի ընթացքում Հաթիփօղլուին հայտնել է նաև, երեկոյան հեռարձակվելիք իր հաղորդման ընթացքում թեմայի վերաբերյալ պարզաբանումներ անելու և լարվածության նվազմանը նպաստելու վերաբերյալ իրենց սպասելիքների մասին:
«Մեր համայնքին տեղեկացնում ենք այս գործընթացի վերաբերյալ և խորհուրդ ենք տալիս զարգացումներին հետևել առանց սառնասրտությունը կորցնելու: Թուրքիայի բազմազանությունը միատեղելու և հավասարակշռելու ավանդույթը այսպիսի ցավալի իրավիճակների հաղթահարման տեսանկյունից մեր ամենամեծ երաշխիքն է»,-նշել է Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդը:
Պատրիարքական ընդհանուր փոխանորդը նշել է նաև, որ այս խնդրի մասին անձամբ տեղեկացրել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշին, ով խոստացել է ուսումնասիրել թեման:
Աթեշյանի տեղեկացմամբ ինքն ավելի ուշ մայիսի 14-ին տեղի ունեցած իֆթարի (իսկամական Ռամազան տոնի ամսին տրվող հյուրասիրություն-խմբ.) ժամանակ նույնպես մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այս թեմայի վրա:
«Իֆթարին ներկա փորձառու իրավաբան հարգելի պրոֆեսոր Քեզբան Հաթեմին պաշտպանեց այն տեսակետը, որ կատարվածը սխալ է, և իրավիճակը իրենք ներկայացնելու են պ-ն. Հաթիփօղլուին (թուրք աստվածաբանը, ու հաղորդման ժամանակ բեմականացվել է 13-ամյա Արթուրի իսլամ ընդունելը)»,- գրում է Աթեշյանը:
Նմանատիպ նյութեր
862 դիտում
16:59 17-04-2023
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան
955 դիտում
23:38 17-04-2023
Ստամբուլի քաղաքապետն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան
Այս բաժնից
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
508 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում