211652_close_icon
views-count2517 դիտում article-date 10:48 16-05-2019

Չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քոչարյանի դատավարությունը հայաստանցիների աչքերում ստվերել է մեր երկրում, դրա շուրջ, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Որ դատավարությունը ուշադրության կենտրոնում է, դա նորմալ է: Որ Քոչարյանը մոբիլիզացրել է իր կողմնակիցներին, որպեսզի իրեն սատարեն, նույնպես սովորական երևույթ է՝ այդպես է եղել բազմաթիվ այլ երկրներում, նաև Հայաստանում: Որ իշխանության կողմնակիցներն են դատարանի մոտ գալիս, որպեսզի Քոչարյանին սատարողների դեմ «հակացույց» անեն, դա ինձ բավականին տարակուսելի է թվում՝ իշխանության ցույցի քաղաքական իմաստը ես առանձնապես չեմ հասկանում: (Ի դեպ, որտեղի՞ց է այն համոզմունքը, որ առաջինները ցույց են անում փողով, իսկ երկրորդները՝ «ձրի», իրենց ներքին համոզմունքից ելնելով: Ո՞վ է «մոմ պահել»): Բայց հեղափոխության միակ նպատակը, եթե ճիշտ եմ հասկանում, «Քոչարյանին փակելը» չէր, որքան էլ դա համապատասխանի «ժողովրդական լայն զանգվածների» ցանկությանը: Հեղափոխության հայտարարված բազմաթիվ նպատակներից, իմ կարծիքով, իրագործվել է միայն մեկը՝ ազատ-արդար ընտրությունները և քաղաքացիների մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորումը: Թեև դա կարևոր հարց է, և ավելին՝ նախապայման է մնացած հարցերի լուծմանը, սակայն միայն լեգիտիմությամբ, ինչպես ասում են, «կուշտ չես լինի»: Մեր երկրի առաջ կանգնած են բազմաթիվ այլ մարտահրավերներ, և դրանց լուծման ուղղությամբ, ի տարբերություն «փակելու» և «ասֆալտին փռելու», առանձնապես վճռականություն չի դրսևորվում: Հեղափոխության հիմնական նպատակն էր, եթե հիշում եք, կոռուպցիոն համակարգը ապամոնտաժելը, ինչպես ասում են՝ «ավգյան ախոռները մաքրելը»: Միայն վարչապետի կամ նախարարների պարկեշտությունը դրա համար բավարար չէ՝ դա, ինչպես բազմիցս շեշտել են նաև իշխանությունները, համակարգ է, որի դեմ պետք է համակարգ գործի, պետական ողջ համակարգը: Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որի մասին խոսվում էր նաև նախորդ իշխանությունների ժամանակ, ձգձգվում է անհասկանալի պատճառներով: Նաև 100 անգամ ասվել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման ներկայիս ձևը բացարձակապես իր նպատակին չի ծառայում: Պետք է հայտարարագրվեն նաև ծախսերը, իսկ հետագայում դա տարածվի նաև մեր բոլորիս, շարքային քաղաքացիներիս վրա: Նաև խոստացվել էր ստեղծել հայտարարագրման էլեկտրոնային հարթակ, բայց այդ ուղղությամբ ավելի քան 5 ամիս որևէ քայլ չի ձեռնարկվել: Պատգամավորները չպիտի սպասեն, մինչև այդ թեմաներով կառավարության մոտ գաղափարներ առաջանան՝ ի վերջո խորհրդարանական երկիր ենք: Դե, իսկ տնտեսական հեղափոխության մասին էլ չեմ խոսում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր