211652_close_icon
views-count1275 դիտում article-date 11:42 15-05-2019

Արենիի ավագանին արգելել է մետաղական հանքարդյունաբերությունը համայնքի վարչական տարածքում․ ՀԲՃ

Ուղիղ ժողովրդավարության գործընթացը շարունակում է թափ հավաքել Հայաստանում։ 2019թ․ մայիսի 6-ին Արենի խոշորացված համայնքի ավագանին ընդունել է «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» որոշում։ Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը: Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Որոշման մեջ նշված է հետևյալը․ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հաշվի առնելով Արենի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արենի համայնքը ճանաչել էկո-տնտեսական տարածք, 2. Այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները»: Արենի խոշորացված համայնքի մեջ են մտնում Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ գյուղերը, որոնց բնակիչները մայիսի 3-ին կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել համայնքի ղեկավարին և ավագանուն։ Հանրագիրն ամրագրված էր շուրջ 2900 քաղաքացիների ստորագրություններով, որով նրանք խնդրում և պահանջում էին․ 1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Արենի համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ: 2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Արենի համայնքի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին: Հիշեցնենք, որ մինչ այս մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես էին եկել Հայաստանի ևս երեք համայնք՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը և 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը։ Այդ համայնքների ավագանիները նույնպես համապատասխան որոշումներով հաստատել էին իրենց ընտրած բնակիչների կամարտահայտությունը։

Նմանատիպ նյութեր