1542 դիտում
11:42 15-05-2019
Արենիի ավագանին արգելել է մետաղական հանքարդյունաբերությունը համայնքի վարչական տարածքում․ ՀԲՃ
Ուղիղ ժողովրդավարության գործընթացը շարունակում է թափ հավաքել Հայաստանում։ 2019թ․ մայիսի 6-ին Արենի խոշորացված համայնքի ավագանին ընդունել է «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» որոշում։ Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը: Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Որոշման մեջ նշված է հետևյալը․
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հաշվի առնելով Արենի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքը ճանաչել էկո-տնտեսական տարածք,
2. Այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները»:
Արենի խոշորացված համայնքի մեջ են մտնում Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ գյուղերը, որոնց բնակիչները մայիսի 3-ին կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել համայնքի ղեկավարին և ավագանուն։ Հանրագիրն ամրագրված էր շուրջ 2900 քաղաքացիների ստորագրություններով, որով նրանք խնդրում և պահանջում էին․
1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Արենի համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:
2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Արենի համայնքի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:
Հիշեցնենք, որ մինչ այս մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես էին եկել Հայաստանի ևս երեք համայնք՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը և 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը։ Այդ համայնքների ավագանիները նույնպես համապատասխան որոշումներով հաստատել էին իրենց ընտրած բնակիչների կամարտահայտությունը։
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
11:56 27-05-2019
Եղեգնաձորն էլ է միացել մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին․ ՀԲՃ
3089 դիտում
12:56 08-02-2020
Վայք համայնքն էլ է միանում մետաղական հանքերը մերժելու շարժմանը. ՀԲՃ
Այս բաժնից
547 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1399 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի