211652_close_icon
views-count1583 դիտում article-date 11:39 15-05-2019

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին, որին բացման խոսքով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Քրիստիան Դենիելսոնը և Ռումինիայի ԱԳ նախարար Տեոդոր-Վիորել Մելեշկանուն: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովի շրջանակներում կայացած «Նայելով ապագային. Արևելյան գործընկերության տեսլականը, դեպի ավելի հզոր տնտեսություն, կառավարում, փոխկապակցվածություն և հասարակություններ» խորագրով քննարկմանը որպես բանախոսներ ելույթ ունեցան Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը, Ուկրաինայի «Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային հարթակի» ներկայացուցիչ Հեննադի Մակսակը: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, շնորհավորելով բոլորին Արևելյան գործընկերության 10-ամյակի կապակցությամբ, նշեց, որ այս քննարկմանը ներկա բազմամարդ լսարանը, ինչպես նաև նախօրեին կայացած միջոցառումներին վեց գործընկեր երկրների ղեկավարների մասնակցությունը վկայում են, որ անցած տասը տարիները կարևոր և հետաքրքիր ուղի են եղել բոլոր վեց գործընկերների համար` միաժամանակ ընդգծելով, որ այս հոբելյանը նաև լավ առիթ է՝ ուրվագծելու գործընկերության հաջորդ փուլերը: «Արևելյան գործընկերությունը Եվրոպայի մասին է: Կարծում եմ բոլորս ունենք այն նույն մոտեցումը, որ այս ամենը վերաբերում է նույն Եվրոպային, ուստի այս ամենը վերաբերում է արժեքներին և մարդկանց: Կարծում եմ հենց սա է հանդիսացել Արևելյան գործընկերության շարժիչ ուժը: Եվ այժմ մեզ մնում է ներդնել միայն մեկ բան. այն, որ մենք խոսում ենք նույն տարածության՝ արժեքների տարածության մասին»: Նախարար Մնացականյանն իր խոսքում շեշտեց, որ հայ ժողովուրդը, որն ականատես է եղել Եվրոպայում մեծ պատերազմների աղետին, մեծապես կարևորում է խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու միասնական կարողությունը: Սակայն միաժամանակ յուրաքանչյուր երկիր իր համալիր անվտանգությունը կառուցում է սեփական շահերի հիման վրա, և Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի հիմքում ընկած է հենց այդ տարբերակման քաղաքականությունը: «Մենք գիտենք, որ մեր ձեռքում ունենք այս գործիքը, որը մեզ հնարավորություն է տալիս կառուցելու մեր հարաբերությունները, կառուցելու և զարգացնելու մեր երկիրը, նրա նորմատիվ հիմքը, չափանիշները, կարողությունները և այլն»: «Արևելյան գործընկերությունը երկկողմ հարաբերությունները բազմակողմ ձևաչափի վերածելու գերազանց հարթակ է: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը հնարավոր դարձավ, քանի որ առկա էր հաստատությունների՝ քաղաքացիական հասարակության, մամուլի, հանրային և պետական կառույցների ամրապնդում, ուստի մեզ մոտ առկա էր ցնցումը կլանելու կարողությունը, և մենք այս հեղափոխության արդյունքում դարձանք առավել ուժեղ և վստահ: Այս ամենը վերաբերում է արժեքներին, որոնք մենք չենք կարող անտեսել. այն վերաբերում է մարդկանց: Մենք պետք է առավելագույնս շատ հնարավորություններ ընձեռենք մարդկանց նույն տարածությունում միասին լինելու համար», - նշեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այդ առումով պետք է գործի դրվեն համապատասխան միջոցներ, որոնցից մեկն է նաև առանց մուտքի արտոնագրի տեղաշարժը: «Որգևորիչ է տեսնել այս սենյակում այսքան շատ մարդկանց և այսքան թվով իմ հայրենակիցների, ովքեր շփվում են իրենց գործընկերների, իրենց ընկերների, առավել լայն Եվրոպայից, Արևելյան գործընկերության երկրներից ժամանած մարդկանց հետ, և սա պետք է հենց այսպես լինի, քանի որ այս ամենը վերաբերում է մարդկանց»,- նշեց ԱԳ նախարարը: Ամփոփելով իր խոսքը` Հայաստանի ԱԳ նախարարը նշեց. «Եվ ի վերջո այս ամենը վերաբերում է խաղաղությանը: Արևելյան գործընկերության շրջանակներում միասին աշխատելը մեկ այլ մարտահրավեր է, որը մենք պետք է զարգացնենք: Մենք ունենք չլուծված հակամարտություններ: Միասին աշխատելն ու համագործակցելը, տարածաշրջանային համագործակցությունը, միմյանցից սովորելը և միասին աշխատելը նույնպես խաղաղությանն ուղղված քայլեր են: Դիտարկում էր արվել ժողովրդավարական Հայաստանի մասին, թե արդյոք այն ցանկանում է քաղաքական կամք դրսևորել: Իրականում դա երկկողմ ճանապարհ է: Մենք նույնպես ակնկալում ենք, որ քաղաքական կամքը այնպիսին կլինի, որ մենք առաջ կշարժվենք»: ԱԳ նախարարն ընդգծեց, որ չի կարող լինել այնպիսի բանակցություն, որում հաշվի է առնվում միայն մեկ կողմի ցանկությունները: Նա միաժամանակ կարևորեց նաև այն միջավայրը, որում հնարավոր է արտահայտել այդ քաղաքական կամքը:

Նմանատիպ նյութեր