211652_close_icon
views-count591 դիտում article-date 20:13 14-05-2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահը հյուրընկալել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները եւ ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները: Արարատ Միրզոյանը կարեւորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությունը Հայաստանում՝ բարձր գնահատելով կառույցի հետ ձեւավորված համագործակցության մակարդակը: Նրա խոսքով՝ ավելի քան քսան տարի Հայաստանում տարբեր ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացված աջակցության ծրագրերը շոշափելի արդյունքներ են գրանցել: ԱԺ նախագահը հիշատակել է արդյունավետ փոխգործակցությունը Հայաստանում անցկացված ընտրությունների, այժմ էլ՝ խորհրդարանին աջակցության ծրագրերի շրջանակում: Օրենսդիր մարմնի ղեկավարը ներկայացրել է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ փոխգործակցության իր տեսլականը, մասնավորապես անդրադարձել Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից Հայաստանի Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերին: Այս համատեքստում նա կարեւորել է ծրագրերի իրականացումը՝ հիմնված Ազգային ժողովի կողմից իրականացված կարիքների գնահատման վրա: Դեբորա Գրիզերը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը՝ նշելով, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերը ճկուն են եւ հնարավորություն են ընձեռնում դրանք համապատասխանեցնել ԱԺ-ի կողմից նախանշված կարիքներին: ԱՄՆ Միջազգային գործակալության տնօրենը նաեւ կարեւորել է միջազգային գործընկերների ջանքերի համակարգման հարցում Ազգային ժողովի նախագահի նախաձեռնողականությունն ու առաջնորդությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել երկկողմ օրակարգի խնդիրները եւ այս առումով ինտենսիվացնել կողմերի միջեւ հանդիպումները:

Նմանատիպ նյութեր