211652_close_icon
views-count1316 դիտում article-date 16:47 14-05-2019

Արժանապատիվ աշխատավարձ, հարմարավետ պայմաններ, սոցիալական պաշտպանություն. զարկ է տրվել «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրին

«Այսօր ստորագրվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության, սոցիալական գործընկերների և ԱՄԿ-ի միջև սերտ գործունեության և փայլուն կապերի վառ ապացույցն ու արտացոլումն է, որով սահմանվում են գալիք 4 տարիների ընթացքում մեր համագործակցության գերակայությունները, ռազմավարությունները և սպասվող արդյունքները»,- այս մասին «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ծրագիրն, որը սահմանում է ԱՄԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության գերակայությունները, հիմնական արդյունքները և իրականացման ռազմավարությունները 2019-2023թթ. համար, ստորագրվեց նախարար Զարուհի Բաթոյանի, Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլլերի, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի կողմից: Այն կոչված է խթանելու արժանապատիվ աշխատանքը` որպես զարգացման քաղաքականության գլխավոր բաղադրիչ և, միևնույն ժամանակ, կառավարության և սոցիալական գործընկերների ազգային քաղաքականության նպատակներից է: Կարևորելով սոցիալական գործընկերների դերը ծրագրի պատրաստման և իրականացման գործում, Զ. Բաթոյանը նշեց.«Կցանկանայի նաև հատուկ ընդգծել սոցիալական գործընկերների անմիջական դերն ու ներդրումը ծրագրով նախանշված արդյունքների ապահովման և ոլորտի բարեփոխումների իրականացման գործում: Համոզված եմ, որ Ծրագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա և հնարավորություն կստեղծի երկրում սոցիալական գործընկերության համակարգի հետագա շարունակական զարգացման համար»: Ծրագիրը երեք հիմնական գերակայութուն ունի՝ աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող մեխանիզմների կատարելագործում, զբաղվածության քաղաքականության բարելավում, կանանց և տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնում և սոցիալական երկխոսության և կոլեկտիվ բանակցությունների ամրապնդում բոլոր մակարդակներում: Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլլերն ընդգծեց, որ ծրագիրը մշակվել է մասնակցային կերպով՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին. «Այս ծրագրում ներկայացված են ոչ միայն այն ստորագրող կողմերի առաջնահերթությունները, այլև ՄԱԿ-ի Զարգացման և աջակցության 2016-2020 թթ. Առաջնահերթությունները, ինչպես նաև՝ Կայուն զարգացման նպատակները: Ուրախ եմ տեսնել ԱՄԿ չափորոշիչներին համապատասխանելու՝ Հայաստանի պատրաստակամությունը: Շատ ուրախ կլինենք մասնակցել աշխատանքի և զբաղվածության ոլորտում ակնկալվող օերնսդրական փոփոխություններին և Զբաղվածության ռազմավարության մշակմանը»,– ասաց Հ. Քոլլերը: Ըստ նրա՝ որևէ կայուն առաջընթաց հնարավոր չի լինի՝ առանց սոցիալական երկխոսության և սոցիալական արդարության: Նշենք, որ այս տարի ԱՄԿ-ն տոնում է իր ստեղծման 100-ամյակը: Այս կապակցությամբ Զ. Բաթոյանը շնորհավորեց գործընկերներին, նշելով, որ ստորագրված ծրագիրը կդառնա կազմակերպության պատկառելի գործունեության շարունակությունը. «Մեծ պատիվ է, որ այսօրվա միջոցառումը և այս կարևոր փաստաթղթի ստորագրումը տեղի է ունենում Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյա հոբելյանի շրջանակներում, մի կազմակերպություն, որն իր երկարամյա գործունեության ընթացքում անվերապահորեն պայքարել է սոցիալական պաշտպանության և արդարության, աշխատանքային իրավունքների և սոցիալական երկխոսության աներկբա գերակայության և ապահովման համար»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր