211652_close_icon
views-count2800 դիտում article-date 13:36 13-05-2019

Հայկական տաղավարը լավագույնս ներկայացված է Չինաստանում մեկնարկած Expo Beijing 2019 Այգեգործության միջազգային ցուցահանդեսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 29-ին Չինաստանում մեկնարկել է Expo Beijing 2019 Այգեգործության միջազգային ցուցահանդեսը։ Հայաստանը ևս ներկայացված է ցուցահանդեսին իր՝ «Ներդաշնակեցվելով բնությանը» խորագիրը կրող տաղավարով։ Հայաստանի տաղավարը նախագծվել և ապահովվել է դիզայներական լուծումներով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ։ Տաղավարում ներկայացված են Հայաստանից բերված այգեգործական մշակաբույսեր, օրինակ՝ երկու ծիրանի ծառ և խաղողի 2 որթատունկ, որոնք հայկական բնության թարմ և ներդաշնակ շունչ են տալիս տաղավարին։ Ներկայացված են նաև Հայաստանի լավագույն գինիները, հայկական կոնյակը և մրգերից պատրաստված ուտեստներ, չրերի ամբողջ տեսականին, սուջուխ ու լավաշ, չրաշոկոլադներ և մրգային ջեմեր, հայկական խալիներ, եկեղեցական հուշանվերներ և պարագաներ, հայկական գրեր և հայկական պատմական նշաններ։ Մեծ էկրանի վրա ցուցադրվում են Հայաստանի մշակույթը, զբոսաշրջային գրավչությունները և գինեգործությունը ներկայացնող հոլովակներ։ Հայկական տաղավարի ղեկավարը Կարեն Խաչատրյանն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի տաղավար է այցելում միջինում օրական 40000-42000 մարդ։ Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունենում տարատեսակ միջազգային, միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող համաժողովներ և քննարկումներ՝ ներգրավելով նոր այցելուների։ Ի թիվս այլ ԶԼՄ-ների՝ չինական CCTV հեռուստաընկերության ռեպորտաժում հատուկ անդրադարձ է եղել Հայաստանի տաղավարին։ Ցուցահանդեսին մասնակցում են 97 երկրներ և միջազգային ասոցիացիաներ։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը։ Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, տարբեր երկրների առաջնորդներ, բարձրաստիճան հյուրեր։ Հայաստանից մասնակցել են Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր