211652_close_icon
views-count2454 դիտում article-date 21:46 11-05-2019

Լևոն Զուրաբյան. 25 տարի առաջ, 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրվեց Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «25 տարի առաջ, 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրվեց Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարը, որն ազդարարեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հայ ժողովրդի պատմական հաղթանակը։ Հայաստանի և Արցախի ժողովուրդները, բանակները, կամավորականները, երկու հանրապետությունների իշխանությունների կազմակերպական հմուտ ղեկավարությամբ, կատարեցին անհնարինը, ծնկի բերելով ագրեսորին մի պատերազմում, որում հակառակորդն ուներ ժողովրդագրական և տնտեսական ռեսուրսների, զինամթերքի և սպառազինությունների բազմապատիկ առավելություն։ Շատերը, սակայն, դեռ խորապես չեն ընկալում կատարվածի էությունը, չեն հասկանում, որ հրաշքի նման այս հաղթանակը ձեռք է բերվել ոչ միայն մեր ժողովրդի և նրա մարտիկների ոգու, հերոսականության և քաջարիության և ամբողջ պատմությամբ ապացուցված կռվելու հմտությունների շնորհիվ։ Ինչպես միշտ մարդկության պատմության մեջ, վճռորոշ դերը խաղացել են ճիշտ վարած քաղաքականությունը, ճակատագրական պահերին ընդունված ճիշտ քաղաքական որոշումները և իրականացված գործողությունները, բարդ ընտրանքների առաջ կողմնորոշվելու և ռազմավարական միակ ճիշտ կուրս ընտրելու ունակությունը։ Այս խոսակցությունը հատկապես կարևոր եմ համարում, քանի որ անդրդվելի համոզմունք ունեմ, որ ապագա ունեն միայն այն ազգերը, որոնք զարգացնում են խորաթափանց քաղաքական մտածելակերպը և ռազմավարական մտածողության կարողությունը։ Հենց այդ հարթության մեջ ստորև ներկայացնում եմ հաղթանակաի քաղաքական բաղադրիչները։ [b] ՇԱՐԺՈՒՄԸ։[/b] Հիմքը, իհարկե, 1988-1991 թվականների համաժողովրդական ղարաբաղյան Շարժմամբ արձակված ազգային զարթոնքն էր, որը հզոր հայրենասիրական լիցք և եռանդ տվեց մեր ժողովրդին, ապահովելով ապագայի պայքարի համար անհրաժեշտ քաղաքական կամքը, կազմակերպվածությունը և մարտական ոգին։ Շարժման ղեկավարությունը ի դեմս «Ղարաբաղ» կոմիտեի ընտրեց պայքարի ճիշտ ռազմավարություն, մի կողմից ապահովելով կոշտ ճնշում խորհրդային իշխանությունների վրա, մյուս կողմից պահելով շարժումը խաղաղ սահմանադրական պայքարի շրջանակներում։ Միանգամայն ճիշտ էր Սումգայիթյան ջարդերին պատասխանել բացառապես խաղաղ ցույցերի ծավալումով, ինչը զերծ պահեց Շարժումը բռնությամբ ճնշելու վտանգից և ժամանակ տվեց կազմակերպական կառույցներ ստեղծելու համար։ Նույնքան ճիշտ էր Կիրովաբադի ջարդերից հետո զինվելու կոչը և ինքնապաշտպանական ջոկատների ստեղծման որոշումը 1988֊ի նոյեմբերին։ [b]ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ։ [/b]Հաղթանակի ամենակարևոր երաշխիքներից դարձավ Հայաստանի ներքին քաղաքական կայունությունը և որպես լիարժեք ֆունկցիոնալ պետություն գործելու կարողությունը, մինչդեռ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Վրաստանում քաոս էր և ցնցումներ ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ։ Դա 1990-1991 թվականներին լեգիտիմ ընտրված իշխանությունների զուսպ և հավասարակշիռ քաղաքականության արդյունքն էր։ Դա էր, որ թույլ տվեց արդյունավետ կառավարում իրականացնել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բլոկադայի, 1992-ից ի վեր Աբխազական երկաթուղու փակման, Վրաստանում քաոսի, Հայաստանը սնուցող միակ երկաթուղու և գազատարի մի քանի տասնյակ անգամ կատարված պայթյունների պայմաններում, որոնք ամեն անգամ շաբաթներով Հայաստանը կտրված էին պահում գազի, մազութի, հացի, բենզինի մատակարարումից։ [b] ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ։ [/b]Ադրբեջանից առաջընթաց տեմպերով ստեղծվեց հայոց կանոնավոր բանակը։ Ելցին- Տեր-Պետրոսյան պայմանավորվածության շնորհիվ ազգությամբ հայ 800 սպաներ Խորհրդային Միության զինված ուժերից տեղափոխվեցին նորաստեղծ ազգային բանակը։ Ստեղծվեց բարձրակարգ հակաօդային պաշտպանություն, ռազմական պլանավորումը, պատերազմական լոգիստիկայի կազմակերպումը անհամեմատ բարձր մակարդակի բերվեցին Ադրբեջանի հետ համեմատ։ [b]ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ։[/b] Ճշգրտորեն տարվեց Ղարաբաղյան խնդրի հետ կապված արտաքին քաղաքականությունը և միջազգային ասպարեզում հարցի դիվանագիտական ձևակերպումը։ Մինչ ԽՍՀՄ փլուզումը հարցը դիտարկվում էր որպես ԼՂԻՄ֊ը Ադրբեջանի ԽՍՀ֊ից կազմից Հայաստանի ԽՍՀ֊ի կազմ փոխանցելու մարզի ժողովրդի ձգտում, ինչը իրավական տեսակետից խորհրդային սահմանադրության շրջանակներում միակ հնարավորությունն էր։ ԽՍՀՄ փլուզման և հարցի միջազգայնացման պայմաններում նորից ընտրվեց միակ հնարավոր տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը, և ո՛չ թե միավորումը Հայաստանի հետ, ինչը կընկալվեր որպես Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ Հայաստանի հավակություն և կառաջացներ աղետալի հետևանքբեր։ Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի հետապնդման քաղաքականության շնորհիվ է, որ ՄԱԿ֊ի Անվտանգության Խորհուրդը, խոսելով Ադրբեջանի «գրավյալ տարածքների» մասին, Հայաստանին չի ճանաչել որպես ագրեսոր կամ օկուպանտ, և Հայաստանը զերծ է մնացել դատապարտումներից և միջազգային պատժամիջողներից։ Շատ կարևոր էր որպես Ղարաբաղյան հարցի կարգավորման ասպարեզ ԵԱՀԿ֊ի ձևաչափի ընտրությունը, ինչը թույլ տվեց Հայաստանին, ունենալով վետոյի իրավունք, հարցի լուծումը մշտապես հեռու պահել անցանկալի լուծումներից։ [b]ՌՈՒՍԱՍՏԱՆԸ։[/b] Չափազանց կարևոր էր Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը։ Հայաստանի իշխանությունները շատ նուրբ տարան Հայաստանի անկախության և ինքնիշխանության ամրապնդման գործընթացը, այն երբեք չվերածելով Ռուսաստանի հետ ավերիչ հակամարտության։ Խորհրդային Միության ղեկավարության հետ հակամարտությունը երբեք չվերածվեց հակառուսական տրամադրությունների։ ԱՊՀ֊ին դեռ 1991֊ին միանալը /Ադրբեջանը միացավ 1993-ին/, Հայաստանում ռուսական ռազմական ներկայության պահպանումը ի տարբերություն Ադրբեջանի, ԱՊՀ արտաքին սահմանների համատեղ պաշտպանության և հակաօդային համատեղ պաշտպանության ստեղծումը էապես ուժեղացրին Հայաստանի դիրքերը և ռազմական հնարավորությունները Ադրբեջանի նկատմամբ։ [b]907 ԴՐՈՒՅԹԸ։[/b] Հայաստանը լուրջ հարաբերություններ կառուցեց նաև Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ֊ի հետ։ Հարավային Կովկասում «ժողովրդավարության կղզի» հռչակված Հայաստանը ստացավ լայնածավալ հումանիտար և ֆինանսական օգնություն Միացյալ Նահանգներից, մինչդեռ շնորհիվ հայկական դիվանգիտության և հայ համայնքի ջանքերի ԱՄՆ Կոնգրեսը 1992֊ին ընդունեց «Ազատության աջակցության» օրենքի հայտնի 907 դրույթը, ըստ որի արգելվեց որևէ ամերիկյան ուղիղ կառավարական օգնություն Ադրբեջանին, ինչը արդյունավետ գործեց մինչև 2001։ [b]ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։[/b] Լուրջ բանակցություններ տարվեցին Թուրքիայի ղեկավարների և ազդեցիկ դեմքերի հետ Հայաստանի շրջափակումը և Ադրբեջանին տրվող աջակցությունը թուլացնելու ուղղությամբ։ Գագաթնակետը դարձավ 1992 թվականին Թուքիայի տարածքով 100 000 տոննա ցորենի մատակարարումը Հայաստանին, երբ Վրաստանի տարածքը ամբողջությամբ փակ էր քաղաքացիական պատերազմի հետևանքով։ Հայաստանը այդ ժամանակ բառիս բուն իմաստով փրկվեց սովից։ Ճիշտ է, դրանից հետո մի քանի ամիս անց անցկացվեց Քելբաջարի օպերացիան, և ճանապարհը այդ պահից ի վեր փակվեց, բայց արդեն ուրիշ խոսակցություն է: [b]ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ և ՕԴԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ։[/b] Հայկական հետախուզական ծառայություններին հաջողվեց կասեցնել Հայաստան տանող երկաթուղու և գազամուղի կործանարար պայթեցումների Ադրբեջանի տեռորիստական գործունեությունը։ Հաջողվեց նաև առևանգել ադրբեջանական ինքնաթիռ, որից հետո ընդհուպ մինչև զինադադարը Ադրբեջանի որևէ ինքնաթիռ օդ չի բարձրացել։ Մի օր դրա մասին էլ կասվի ավելի մանրամասն։ [b]ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՋԻՀԱԴԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ։ [/b]Ադրբեջանը լուրջ աշխատանք էր տանում իսլամական պետությունների հետ ղարաբաղյան հակամարտությունը հայերի դեմ ջիհադի վերածման ուղղությամբ։ Որոշ հաջողությունների հասել էին չեչենների և աֆղան մոջահեդների հետ։ Գաղտնի բանակցություններ տարվեցին բոլոր ուղղություններով, որոնց գագաթնակետը դարձավ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի այցը Քաբուլ և բանակցությունները Աֆղանստանի վարչապետ Գուլբեդին Հեքմատյարի հետ, որոնց արդյունքում մոջահեդները ետ կանչվեցին և ջիհադի վտանգը վերջնականապես փակվեց ։ Հաղթանակի քաղաքական և կազմակերպական բաղադրիչները դասավորել եմ ըստ կարևորության։ Սա, իհարկե, ամբողջական ցուցակը չէ, մի գուցե ինչ֊որ բաներ կան, որ պետք է ավելացնել։ Կարևորը նման խոսակցություն սկսելն է։ Ցանկացած լրացում միայն կողջունեմ։

Նմանատիպ նյութեր