211652_close_icon
views-count2185 դիտում article-date 10:06 11-05-2019

Ինչ է պետք լուրջ ընդդիմադիր դառնալու համար․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռոյթերսին» տված հարցազրույցում խոստացավ միանալ ընդդիմադիր պայքարին: Պարզ չէ, արդյոք նա վստահ է, որ դատարանն իրեն մեղավոր չի ճանաչի, և նա ազատություն ստանալո՞վ է մտնելու այդ պայքարի մեջ, թե՞ ազատազրկված լինելն այդ գործողություններին չի խանգարելու: Երկու դեպքում էլ Քոչարյանի հաշվարկներն, ինձ թվում է, սխալ են: Միայն լուրջ նյութական և տեղեկատվական ռեսուրսներ ունենալը չի կարող հաջողություն ապահովել այդ պայքարում: Նախկին իշխանությունները նույնպես փողի պակաս չունեին և վերահսկում էին գրեթե ամեն ինչ, բացի համացանցից: Սակայն այդ հսկայական միջոցների կիրառումը չխանգարեց հեղափոխությանը: Նախորդ տարիների փորձը ևս մի կարևոր հանգամանք է բացահայտում. երբ նախկինում որևէ ընդդիմադիր ուժ՝ լինի դա ՀԱԿ-ը թե ԲՀԿ-ն, կասկածվում էր Քոչարյանի հետ կապ ունենալու մեջ, այդ կուսակցությունների պատասխանատուները կրքոտ ձևով հերքում էին այդ ենթադրությունները: Ինչո՞ւ էր դա տեղի ունենում. որովհետև Քոչարյանի հետ կապ ունենալու մասին պնդումներն անգամ բացասաբար էին ազդում այդ քաղաքական ուժերի վարկանիշի վրա: Եթե այդպես էր 2 կամ 5 տարի առաջ, ապա հիմա առավել ևս այդպես է լինելու: Իհարկե, քաղաքականությամբ զբաղվելը Հայաստանի ցանկացած քաղաքացու իրավունքն է: Բայց Երկրորդ նախագահը բաց, հրապարակային, առավել ևս՝ ընդդիմադիր քաղաքական պայքարի փորձ չունի՝ նա շատ ավելի ուժեղ է ապարատային պայքարում, պալատական խարդավանքներում, բայց դրա համար պետք է լինել իշխանության մեջ: Բացառված չէ, սակայն, որ Քոչարյանն առանց դրա մասին հայտարարելու կաջակցի ընդդիմադիր որևէ ուժի, ինչը, հավանաբար, անում էր նաև անցած 10 տարիների ընթացքում: Ովքե՞ր կարող են այս պարագայում լինել Երկրորդ նախագահի դաշնակիցները: Նախևառաջ, իհարկե ՀՀԿ-ն: Բայց պետք է արձանագրել, որ այդ կուսակցության վարկանիշն այսօր նույնքան ցածր է, որքան Քոչարյանինը, և նրանք դժվար թե այս հարցում օգտակար լինեն: Բացի այդ, արժե, թերևս, հիշել, թե անցած 10 տարում ինչեր էին Քոչարյանն ու քոչարյանականները խոսում ՀՀԿ-ի ժամանակաշրջանի մասին՝ փորձելով ապացուցել, որ 1998-2008 թվականներին ամեն ինչ ծաղկում էր, իսկ 2008-2018 թվականներին ամեն ինչ փչացավ: Մեկ այլ դաշնակից կարող է լինել ՀՅԴ-ն, բայց, կարծում եմ, այդ կուսակցությունը կվարանի մտնել արմատական ընդդիմադիր դաշտ: Մնում են մանր կուսակցությունները, ինչպես նաև լրատվամիջոցները ու «ֆեյք», «կիսաֆեյք» օգտատերերը, որոնք այսօր կրծքով պաշտպանում են Երկրորդ նախագահին: Բայց դա, կրկնեմ, բավարար չէ լուրջ ընդդիմություն դառնալու համար: Այդպիսի ընդդիմություն, անշուշտ, կձևավորվի: Բայց, ինձ թվում է, «հեղափոխությունից տուժելը» դրա հիմքում չի դրվելու»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր