211652_close_icon
views-count996 դիտում article-date 19:20 10-05-2019

ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավարը խոսել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մասին

ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մայիսի 10-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը խոսել է երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մասին, կարեւորել օրենսդիր կառույցների բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը, արժեւորել Ավստրիայի խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը: Խոսելով Եվրամիության անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին՝ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավարը հույս է հայտնել, որ Ավստրիայի կողմից փաստաթղթի վավերացումը չի ուշանա: Զրուցակիցները խոսել են զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունից: Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում Վիկտոր Ենգիբարյանն անհրաժեշտ է համարել Երեւանում հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացումը: Ավստրիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի խոսքով՝ Հայաստանը՝ որպես պատմական, մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր, Ավստրիայի համար կարեւոր գործընկեր է: Գուդրուն Քուգլերը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ համագործակցության զարգացմանը: Նա նշել է, որ Ավստրիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը: Հայ խորհրդարանականները հյուրերի խնդրանքով ներկայացրել են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր