211652_close_icon
views-count3057 դիտում article-date 22:26 09-05-2019

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են թբիլիսահայ վետերաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելեցին Թբիլիսիում բնակվող հայազգի վետերաններ Օֆելյա Կարապետյանին, Խաժակ Եփրիկյանին և Աղվան Սարոյանին և շնորհավորեցին Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ նրանց փոխանցելով նվերներ։ Վետերանները հետաքրքիր պատմությունների պատմեցին իրենց անցած մարտական ուղու ու քաջագործությունների մասին և նաև շնորհակալություն հայտնեցին Հայաստանին՝ իրենց հիշելու և մեծարելու համար։ Տեղեկանք․ Օֆելյա Կարապետյանը ծնվել է 1926 թ․։ Աշխատել է Թբիլիսիի զինագործարանում, ակտիվ մասնակցություն է ունեցել թիկունքային աշխատանքներին, որի համար արժանացել է մի շարք պարգևների։ Խաժակ Եփրիկյանն իր 101-ամյակը բոլորել է օրեր առաջ։ Մարտնչել է Հյուսիսային Կովկասից մինչև Ուկրաինա ձգվող մարտադաշտերում։ Վեց տասնամյակից ավելի Եփրիկյանը Հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել Թբիլիսիի հայկական դպրոցներում։ Խաժակ Եփրիկյանը վիրահայ ընթերցողին քաջածանոթ հեղինակ է, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ։ Մինչ օրս էլ ստեղծագործում է։ Նշենք, որ այսօր Խաժակ Եփրիկյանին շնորհավորելու էր եկել նաև Թբիլիսիի Կրծանիսի թաղամասի ղեկավար (գամգեբելի) Լևան Ջափարիձեն։ Աղվան Սարոյանը ծնվել է 1926 թ․ Լենինականում։ Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ էլ ապրում է մինչ օրս։ Նա ևս աշխատել է Թբիլիսիի զինգործարանում և կատարել է թիկունքային մեծ աշխատանք։ Աղվան Սարոյանը 80 տարի է աղավիներ է պահում և համարվում է Անդրկովկասի ամենահայտնի աղավնի պահողներից մեկը։ Նա այսօր էլ մեծ սիրով զբաղվում է իր սիրելի գործով և նշում, որ դա է իրեն առույգ պահում։ Նա այժմ ունի 200 աղավնի, որոնց մեջ կան յուրահատուկ տեսակներ։ Ցավով տեղեկացնենք, որ Սերգո Միրզոյանը, որին դեսպանության դիվանագետներն այցելեցին նախորդ տարվա մայիսի 9-ին, մահացել է 92 տարեկան հասակում։ Սերգո Միրզոյանը գնդապետ էր, Հայրենական Մեծ պատերազմին Վրաստանից ռազմաճակատ մեկնած ամենաերիտասարդ կամավորականն է եղել (16 տարեկան)։ Մասնակցել է մարտական գործողություններին Բելառուսիայիում, Ուկրաինայում և Արևելյան Պրուսիայում: Հայրենիքի պաշտպանության և զինվորական ծառայության իրականացման ժամանակ ցուցաբերած անձնական արիության համար արժանացել է երեք շքանշանների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր