211652_close_icon
views-count1798 դիտում article-date 17:18 09-05-2019

Ստեփանակերտում hանդիպել են Հայաստանի և Արցախի օրենսդիր մարմինների ղեկավարները

Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների նախագահների հանդիպումը: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհավորել է մայիսյան եռատոնի կապակցությամբ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին մայիսի 9-ին Արցախում լինելու կապակցությամբ՝ կարեւորելով մեր միասնական հաղթանակն ու Պաշտպանության բանակի ստեղծումը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ պետք է արժեւորել այս տոնի իմաստն ու արժեքը, ինչում իրենց ավանդն են ունեցել բոլոր օրենսդիր մարմինների ներկայացուցիչները՝ սկսած Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորներից: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, եւս մեկ անգամ շնորհավորելով երկու հանրապետությունների քաղաքացիներին եւ Սփյուռքի հայությանը, ընդգծել է՝ խորհրդանշական է թե՛ մեր պապերի, թե՛ մեր հայրերի գործը: Նրա խոսքով՝ դժվար կլինի գերագնահատել Շուշիի դերն ազատամարտում եւ պետականության կայացման գործում: Արարատ Միրզոյանը նշել է, որ այսօր Ազգային ժողովի նախագահի եւ ԱԺ պատվիրակության ներկայությունն Արցախում պարտադիր է: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը խորհրդանշական է համարել այսօր Ստեփանակերտում անցած ճանապարհը եւ այցելությունը եղբայրական գերեզման: Կողմերը քննարկել են հաջորդ շաբաթ Երեւանում սպասվող ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգը:

Նմանատիպ նյութեր