211652_close_icon
views-count1384 դիտում article-date 21:38 08-05-2019

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը որպես հիմնական բանախոս մասնակցել է «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկմանը

Մայիսի 8-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցեց «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկմանը, որին ներկա էին «Hug the Hague conference» Էրազմուս ծրագրի շրջանակներում արևելաեվրոպական երկրներից Նիդերլանդներ ժամանած շուրջ հինգ տասնյակ հասարակական, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ քննարկումը տեղի է ունենում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից ուղիղ մեկ տարի անց և հենց նույն պահին, երբ Երևանում ընթանում է ՀՀ վարչապետի մեկամյա պաշտոնավարմանը նվիրված ասուլիսը։ Դեսպանը ներկայացրեց Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» արդյունքները, լայնածավալ բարեփոխումները, որոնք իրականացվում են Հայաստանում ներկայիս իշխանությունների կողմից՝ շեշտը դնելով կոռուպցիայի դեմ պայքարի և ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման առաջնահերթությունների վրա։ Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները՝ կարևորելով Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ և Եվրամիության հետ սերտ համագործակցություն ունեցող երկրի դերը։ Դեսպան Բալայանը երիտասարդների հետ կիսվեց իր մասնագիտական փորձով և վերջիններիս խորհուրդ տվեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել իրենց երկրներում ընթացող քաղաքական զարգացումներին՝ հղում անելով այն կարևորագույն դերակատարությանը, որ հայ երիտասարդներն ունեցան անցած տարվա հեղափոխության ընթացքում։ Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխանը, որի ընթացքում Հայաստանի դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։

Նմանատիպ նյութեր