211652_close_icon
views-count1012 դիտում article-date 11:13 08-05-2019

ՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին, որն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանում է՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բավական ամուր հիմքի վրա են, և Հայաստանը հանձնառու է քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ամրապնդման ուղղությամբ: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անցկացումը, ինչպես նաև տարբեր ձևաչափերով տեղի ունեցող պարբերական հանդիպումներն ու փոխայցելությունները, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկելու գործընկերային օրակարգի ընդլայնման ուղղությամբ քայլերը: Նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու արձանագրված ձեռքբերումների ամրապնդմանը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրների շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը։

Նմանատիպ նյութեր