211652_close_icon
views-count906 դիտում article-date 20:48 07-05-2019

Տրանսպորտի նախարարը ընդունել է գերմանական «Fraunhofer» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է 72 գիտահետազոտական ինստիտուտներ միավորող «Fraunhofer» կազմակերպության նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնես զարգացման հարցերով տնօրեն, դոկտոր Յենս-Գյունտեր Նոյգեբաուերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ անչափ կարևոր է համարում գերմանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ծրագրերում և գործընկերային նոր հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։ Հակոբ Արշակյանը «Fraunhofer» կազմակերպության պատվիրակությանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականը, տեղեկացրել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման մասին։ Նախարարը ընդգծել է տեխնոլոգիական ոլորտում հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը, անդրադարձել կրթական այն ծրագրերին, որոնք ուղղված են ոլորտի բարձրակարգ կադրեր պատրաստելուն՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, դպրոցական ծրագրերում շախմատի դասավանդմանը, մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռոբոտաշինության միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում հայ պատանիների նվաճումներին: Հակոբ Արշակյանը կարևորել է նաև տեխնիկական բուհերում որակյալ մասնագետներ պատրաստելուն ուղղված քայլերը, տեխնոլոգիական ընկերությունների կողմից բուհերում գիտահետազոտական լաբորատորիաներ ունենալու անհրաժեշտությունը։ Նախարարն անդրադարձել է ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում արտասահմանյան ընկերությունների կողմից մասնաճյուղեր բացելուն ուղղված պետական քաղաքականությանը։ Դոկտոր Յենս - Գյունտեր Նոյգեբաուերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք Հայաստանում գտել են այն հետաքրքիր գործընկերներին, որ փնտրում էին տեխնոլոգիական ոլորտում։ Նա ընդգծել է, որ հավատում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հաջողությանը և պատրաստ են համագործակցելու։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Fraunhofer»-ի հետ գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ արհեստական բանականության և մեքենաշինական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու տարբերակները։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր