211652_close_icon
views-count4491 դիտում article-date 14:37 07-05-2019

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Արթուր Դավթյանին ուղղված դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում եւ Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության եւ բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը։ Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։ Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։ Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում եւ Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության եւ միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլեւ ամբողջ աշխարհի ու նաեւ հակառակորդի համար։ Հարգանքով՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյան»:

Նմանատիպ նյութեր