211652_close_icon
views-count1304 դիտում article-date 15:54 07-05-2019

Հայաստանի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ, որոնք անցկացնելու նպատակով Հայաստան էր ժամանել ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ ՉԺՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի խորհրդական Գուո Ճիծյունի (Guo Zhijun) գլխավորությամբ: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական երկխոսության և փոխայցերի, փոխգործակցության ընդլայնման և խորացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության վերաբերյալ: Մտքեր փոխանակվեցին ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների առնչությամբ: Գոհունակություն արտահայտվեց այն փաստի կապակցությամբ, որ ընթացիկ տարում դրական զարգացումներ են նախանշվել հայկական գինեգործական արտադրանքի չինական շուկա դուրս գալու, ինչպես նաև՝ փոքր և միջին գործարարության ոլորտում Չինաստանից Հայաստան մասնավոր ներդրումների ուղղությամբ, որին նպաստել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավումը: ՉԺՀ պատվիրակությունը նաև հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ հարկ է կողմերի միջև այս տարի քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում ծրագրված փոխայցերի և միջոցառումների շրջանակներում հավելյալ ջանքեր գործադրել հայ-չինական համագործակցության ողջ համալիրի առաջխաղացումն ապահովելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր