211652_close_icon
views-count1797 դիտում article-date 15:32 07-05-2019

Բարձր եկամտաբերությամբ, մոտ 12 մլրդ դրամ շուկայական արժեքով ՀԷԿ-ը առերևույթ հանցավոր մեխանիզմներով օտարվել է մոտ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից մեծածավալ, համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացը, ինչի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն: Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչություն՝ դրանում առկա առանձին տեղեկություններ ստուգման առարկա դարձնելու և ՀՀ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Ուսումնասիրության և դրա հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ կառավարության 2001թ. մայիսի համապատասխան որոշմամբ ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված տեղամասի գույքի ներդրմամբ 2 մլրդ. 1 մլն. 840 հազ. դրամ կանոնադրական կապիտալով ստեղծված «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002թ. հունվարին ՀՀ կառավարության որոշմամբ վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ստացված տվյալների համաձայն «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն գործել է շահույթով՝ 2006-2010թթ. առաքելով շուրջ 251 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 1 մլրդ. 252 մլն դրամ շահութաբաժին՝ զուտ շահույթից։ Առանց շահույթի աշխատող ընկերությունը՝ շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու առերևույթ հիմնավորումներ ստեղծելու դիտավորությամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009թ. փետրվարի 27-ին կայացված որոշմամբ վերանայվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված էլեկտրաէներգիայի միավորի սակագինը և առանց ԱԱՀ-ի 13.92 դրամի փոխարեն 2009թ. ապրիլի 1-ից սահմանվել ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին: Դա այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է 4.383 դրամ: Այդ կերպ փաստացի շուրջ մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից։ Հետագայում, «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն օտարելուց անմիջապես հետո, 2011թ. հունվարի 20-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը սահմանվել է արդեն 10.5 դրամ առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ: Այնուհետև՝ խախտելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի որոշումներով սահմանված՝ անկախ գնահատողի կողմից անշարժ գույքը գնահատելու պահանջները՝ պետական մարմնի՝ նյութերի ընթացքով չպարզված պաշտոնատար անձանց կողմից, առանց գույքը գնահատելու, կազմվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ: Դրա հիման վրա կառավարությունը 2010թ. դեկտեմբերի 16-ին ընդունած որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է 3 մլրդ. 600 մլն. դրամ արժեքով օտարել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ ընդհամենը երկու ամիս գործող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Մինչդեռ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն նշված գործարքից հետո' 2011-2018թթ., առաքել է շուրջ 700 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից հասույթը ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 14 միլիարդ դրամ: Իսկ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի և «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից 2003-2018թթ. առաքված էլեկտրաէներգիայի քանակները յուրաքանչյուր տարի համադրելի են և զգալի փոփոխությունների չեն ենթարկվել։ Ըստ այդմ, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի շուկայական արժեքը 2010թ. դեկտեմբերի դրությամբ կկազմեր շուրջ 8 միլիարդ, իսկ 2018թ. դեկտեմբերի դրությամբ' շուրջ 12 միլիարդ դրամ: Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամատաբերությամբ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ. 600 մլն. դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է ՀՀ գործադիր մարմինների մի շարք ղեկավար աշխատողների և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական և խմբային շահից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելով և պարտականությունները չկատարելով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելով ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր