211652_close_icon
views-count1121 դիտում article-date 13:49 07-05-2019

Երևանի քաղաքապետի տեղակալը հիմնավոր անհրաժեշտություն է համարում քաղաքապետարանի հայտարարած բոլոր մրցույթները

Նոր ճանապարհների կառուցում, հիմնանորոգում, կանաչ գոտիների վերականգնում, կրթամշակութային և առողջապահական միջոցառումներ: Քաղաքի ու բնակիչների համար կարևոր ամեն մի ծրագիր, նախքան իրագործումն անցնում է երկար ճանապարհ: Բոլոր աշխատանքների, ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար քաղաքապետարանն անցկացնում է մրցույթներ: ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ «Քաղաքապետարանի կողմից հայտարարվող գնման գործընթացներին կարող է մասնակցել ցանկացած ոք, ով գրանցված է էլեկտրոնային գնումների Armeps համակարգում: Գրանցվելուց հետո մասնակիցը բեռնում է հրավերը, լրացնում հրավերով սահմանված փաստաթղթերը և ներբեռնում դրանք համակարգ: Հայտերը բացվում են սահմանված օրը՝ գնահատող հանձնաժողովի ներկայությամբ: Առավելությունը տրվում է նվազագույն գին առաջարկած մասնակցին»,-նշում է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության պետ Էդգար Կիրակոսյանը: Այս տարի քաղաքապետարանը հայտարարել է ավելի քան 640 մրցույթ: Դրանցից 440-ն արդեն ամփոփվել են: Տնտեսվել է 1 մլրդ, 255 մլն դրամ: Մրցույթների մի մասը պայմանագրերի կնքման փուլում է, իսկ մի մասը՝ հայտարարված է կամ կհայտարարվի: Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարվող գնման ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային են: Մրցույթներին կարելի է ծանոթանալ քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքում, ինչպես նաև www.armeps.am և http://gnumner.am/ կայքերում: Մրցույթները բաց են բոլորի համար: Չնայած դրան՝ մասնակցության ցանկություն են հայտնում ոչ բոլորը: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը մասնակցության ցածր ցուցանիշի մի քանի պատճառ է տեսնում: Առաջինն ըստ նրա՝ պահանջների խստացումն է, որն արվել է հօգուտ մասնակիցների: «Վերջին 6 ամիսների ընթացքում Երևանի գնումների համակարգում փոփոխվել են մոտեցումները, էապես խստացվել են գնումներով կնքվող պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության մեխանիզմներն ու գործիքները: Հնարավոր չեն այլևս դեպքեր, երբ դուք 100 մլն դրամ արժեցող մրցույթում կհաղթեք 20 մլն-ով: Այնուհետ 10 մլն-ով կատարելու դեպքում կստորագրվի ընդունման-հանձնման ակտ՝ իբր, աշխատանքը կատարվել է պահանջներին բավարար» ,-ընդգծում է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Մեկ այլ խնդիր են մրցութային բնութագրերը: Խնդրի մասին բարձրաձայնում էին նաև ավագանու անդամները: «Հայաստանի տնտեսությունը մեծ չէ, և յուրաքանչյուր ոլորտում կան սահմանափակ քանակությամբ մասնակիցներ, և այդ մասնակիցներից բոլորը պետք է հնարավորություն ունենան մասնակցություն ցուցաբերել և նրանց հետ է անհրաժեշտ քննարկել տեխնիկական բնութագրերը: Մենք մի դրվագով քննարկում ենք ունեցել աղբահավաք մեքենաների տեխնիկական բնութագրերի առիթով: Եթե դրանք նեղացնում են շրջանակը, բնականաբար, ավելի քիչ կազմակերպություն է մասնակցում»,-նշում է Դավիթ Խաժակյանը: «Բավական աշխատանք ենք տարել մրցույթների բնութագրերը փոփոխելու նպատակով, որովհետև շատ բնութագրեր կարված էին կոնկրետ սուբյեկտների, այսպես ասած, «հագով»: Ահռելի ժամանակ է պահանջվում, որպեսզի բնութագրերը փոխես, դարձնես ավելի օբյեկտիվ: Արդյունքում՝ դանդաղում են պրոցեսները»,-նկատում է Հայկ Սարգսյանը: Մրցույթների ոչ ժամանակին կազմակերպման և անցկացման հետևանքով ուշանում են քաղաքային աշխատանքները: Այս մասին վերջերս բարձրաձայնեց նաև քաղաքապետը. «Եթե ունենք «վառվող» մրցույթներ, ուրեմն հնարավորին սեղմ ժամկետում պետք է կնքվի պայմանգիրը և աշխատանքներն սկսեն»: Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը գնումների գործընթացում որպես հիմնական խնդիր մատնանշում է մրցույթների ժամանակացույցը: «Օրինակ, այսօր փոսալցման աշխատանքներ չեն իրականացվում: Խնդիրը այն է, որ չափազանց ուշ մրցույթը հայտարարվեց՝ մարտ ամսվա մեջ, և, բնականաբար, հաշվի առնելով բողոքարկման ժամկետները, այն էլ ավելի երկարեց: Եթե շուտ հայտարարվեր, բնականաբար, հնարավորություն կունենայինք ավելի շուտ իրականացնել»,-նշում է Դավիթ Խաժակյանը: «Մրցույթները, այդ թվում՝ ասֆալտապատման, հայտարարված են եղել դեռևս դեկտեմբերին: Մի դեպքում մասնակից չի լինում, 2-րդ դեպքում լինում է մասնակից, բայց հաղթողը սխալ է լրացրել հայտը, և օրենքով սահմանված կարգով մենք մերժում ենք: Երբ ժամկետները գումարում ենք, ապա մեկ միջին վիճակագրական բաց մրցույթը կայանում է մինչև 2 ամիս ժամակահատվածով: Եվ եթե այն չի կայանում, նշանակում է, որ ևս 2 ամսով կերկարաձգվի» ,-պատասխանում է Հայկ Սարգսյանը: Այս տարի ավելի քան 100 մրցույթ չեղարկվեց և նորից տեղադրվեց՝ մրցույթների էլեկտրոնային համակարգի խափանման պատճառով: Խնդիրը, թերևս, քաղաքապետարանի գործառույթներից դուրս էր: Գնման գործընթացներում խնդիրները շատ են, լուծումները՝ ժամանակատար: Որևէ գործընթաց համայնքն ինքուրույնաբար արագացնել առայժմ չի կարող. օրենսդրությունը չի թույլատրում: Հենց այդ պատճառով էլ քաղաքապետարանը երբեմն դիմում է նաև մեկ անձից գնման տարբերակին, որը մի քանի անգամ ավելի արագ է: «Եթե մենք գործառույթն այնպես ենք պլանավորում, որ չենք կարողանում իրականացնել, հասնում ենք մի կրիտիկական վիճակի և որոշում ենք մեկ անձով գնում անել, ապա դեռևս չի նշանակում, որ դա արդարացված է»,-ասում է Դավիթ Խաժակյանը: «Մեր բոլոր մրցույթները ոչ միայն արդարացված, այլև հիմնավոր անհրաժեշտություն են: Մեկ անձից գնման հիմքում ընկած է բացառապես գործընթացների հրատապությունը, դրանց հանրային կարևորությունը և այլընտրանքի բացակայությունը: Նույն մեքենաների պարագայում կա հանրային անհրաժեշտություն»,-նշում է Հայկ Սարգսյանը: Մրցույթների գործընթացի ժամկետների, հրատապության սահմանումների, բնութագրերի և օրենսդրական մի շարք այլ փոփոխությունների քաղաքապետարանի փաթեթը գրեթե պատրաստ է: Կառավարությունը ևս քննարկում է գնումների ոլորտի խնդիրներն ու փոփոխություններ նախատեսում: Նախքան օրենսդրական կարգավորումները՝ մրցութներին ակտիվ մասնակցություն ապահովելու համար և որպեսզի միաժամանակ քաղաքային ծրագրերը հետ չընկնեն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը պարբերաբար հանդիպում է նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Մրցույթների մասին հանրային իրազեկումը բարձրացնելու նպատակով քաղաքապետարանը հայտարարությունների մասին քաղաքացիներին կտեղեկացնի ոչ միայն լրատվամիջոցներով, այլև՝ սոցիալական ցանցեով: Քաղաքային իշխանության նպատակն է՝ գնումների գործընթացը կազմակերպել թափանցիկ՝ միևնույն ժամանակ ապահովելով քաղաքի կայուն զարգացումը:

Նմանատիպ նյութեր