211652_close_icon
views-count2245 դիտում article-date 10:33 07-05-2019

Մեր վարունգը ոչ մրցունակ է լինելու Կրասնոդարի վարունգի հանդեպ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երևանում կայացած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է միությունում էներգառեսուրսների ոչ խտրական գնագոյացման անհրաժեշտության մասին: Գազի գնի հետ կապված հարցեր ունի ոչ միայն Հայաստանը, այլև Բելառուսը, մասնավորապես՝ ռուսական գազը Բելառուսը ձեռք է բերում 1000 խմ-ն 130 դոլարով, մինչդեռ Բելառուսին սահմանակից ռուսական Սմոլենսկի նահանգում 70 դոլար է: Հայաստանը սահմանին վճարում է 165 դոլար: 2013թ. հայ-ռուսական գազային համաձայնագրով՝ Հայաստանին վաճառվող գազի գինը կցված է Օրենբուրգի մարզում գազի գնին: Սակայն մեր բնակարաններում մենք վճարում ենք մոտ 2 անգամ ավելի բարձր՝ 285 դոլար: ԵՏՄ նիստից առաջ ռուսական կողմը նաև հայտարարել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը մտադիր են համաձայնեցնել մինչև 2030 թ. Հայաստանի գազամատակարարման և գազիֆիկացման ընդհանուր ծրագրի նախագիծը: «Մեր երկրները լուրջ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազի ոլորտում: Այսօր աշխատում ենք՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ ապագա նախագծերի շուրջ, օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչև 2030 թվականը Հայաստանին գազի մատակարարման և գազիֆիկացման ընդհանուր սխեման»,- ասել էր ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն՝ ընգծելով, թե ՀՀ-ին մատակարարումները կատարվում են արտոնյալ պայմաններով: Սպասվում է, որ մինչև հուլիսի 1-ը կողմերը պետք է պայմանավորվեն թե՛ նոր գնի, թե՛ մինչև 2030 թ. գազի մատակարարման ընդհանուր սխեմայի շուրջ: 168.am-ը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանից հետաքրքրվեց՝ ԵՏՄ նիստի շրջանակներում գազի խնդիրը քննարկվե՞լ է, ի՞նչ արդյունք կա: «ԵՏՄ-ում, որպես մեկ միասնական միավոր, որտեղ գործում են միևնույն մաքսային պատնեշները, չեն կարող լինել էներգակիրների տարբեր գներ: Դա աբսուրդ է, որովհետև, օրինակ, Կրասնոդարում ջերմոցի համար գազն արժե 40 դոլար, Հայաստանում՝ 103 դոլար՝ կրկնակիից ավելի թանկ, և ավտոմատ հայաստանյան վարունգն ավելի թանկ է ստացվում, քան Կրասնոդարում աճեցվածը, բայց այդ վարունգի շրջանառությունը Մաքսային միության մեջ է: Այսինքն՝ ի սկզբանե դրված է, որ մեր վարունգը ոչ մրցունակ է լինելու Կրասնոդարի վարունգի հանդեպ: Այսինքն՝ չի կարող լինել մաքսային միասնական տարածք ու լինել էներգակիրների տարբեր գներ: Դա է ամբողջ խնդիրը: Նշվում է, որ մինչև հինգ տարում այս միասնական գինը սահմանվելու է: Մինչ դա ՀՀ-ն ունի որոշ ապրանքների նկատմամբ մաքսային արտոնություններ, մաքսատուրքն ավելի ցածր է: Այդ հավասարակշռությունը պետք է միշտ պահպանվի: ՀՀ և ՌԴ միջև գազային մատակարարման մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ դա լինելու է նշածս գաղափարախոսության շրջանակներում, որ միասնական գազային, էներգետիկ շուկա լինի»,- պատասխանեց Հ.Գևորգյանը: Հարցին, այդ շուկայի ձևավորման դեպքում ՀՀ-ում գազի գինը կնվազի՞, պատգամավորը պատասխանեց, որ կա 2 մոտեցում. «Եթե ԵՏՄ-ն ուզում է մրցունակ լինել երրորդ երկրների նկատմամբ, ապա Հայաստանում գազի գինը նույնպես պետք է իջնի Ռուսաստանի չափ, եթե գնում է գազի շուկայական գնագոյացման, այսինքն՝ գազի վրա դրվում է միջազգային գին, այդ դեպքում Ռուսաստանում պետք է գազը թանկանա: Բայց որ գները պետք է հավասարեցվեն, դա միանշանակ է»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր