211652_close_icon
views-count6349 դիտում article-date 23:47 06-05-2019

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նոր դատավորի անունը հայտնի է

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի գործը համակարգչային եղանակով մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխի պահանջներին և «Դատավորների միջև գործերի բաշխման‚ վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման կարգը սահմանելու մասին» 2018թ. Օգոստոսի 2-ի թիվ ԲԴԽ -30-Ո-71 որոշման համապատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը համակարգչային եղանակով պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին»,- գրել է նա: Դավիթ Գրիգորյանը ի դեպ մի քանի ամիս առաջ հրաժարվել էր քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ որպես պատճառաբանություն նշելով այն, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել: Այս որոշումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը քննեց Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որի վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի մայիսի 13-ին։ Դատական օրենսգրքի համաձայն, դատավորի նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, անգամ՝ լիազորությունների դադարեցում: Բացի պատասխանատվության ենթարկելուց, ԲԴԽ-ն կարող է նաեւ մերժել միջնորդությունները: Նշենք, որ գործն ի սկբանե մակագարվել էր դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանին, սակայն վերջինս այսօր ինքնաբացարկ է հայտնել, թե ինչ հիմքով այս պահին հայտնի չէ:

Նմանատիպ նյութեր