211652_close_icon
views-count68516 դիտում article-date 12:16 04-05-2019

Ուշադրությո՛ւն. արտակարգ իրավիճակ Երևանում, «Վեոլիա ջուր»-ը նախապատրաստվում է հորդ անձրևներին

Ըստ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի՝ առաջիկա օրերին երևանցիներին սպասում են լուրջ փորձություններ: «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից» - հայտնում է նա տարածած հաղորդագրության մեջ: Այսօր, հատկապես կեսօրից հետո, և մայիսի 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Ստեղծված իրավիճակում ոչ միայն չեն բացառվում, այլև շատ հնարավոր են անձրևաջրերի կուտակումներ Երևանում: Դա պայմանավորված է նրանով, որ անձրևաջրերի հեռացման համակարգն ի սկզբանե նախատեսված չէ նման արտակարգ իրավիճակներում գոյացող մակերևութային մեծաքանակ ջրերի հընթացս հեռացման համար: Դրանից բացի, մայրաքաղաքի մի շարք տարածքներում անբավարար է այդ համակարգի թողունակությունը, իսկ որոշ թաղամասերում էլ այն ընդհանրապես բացակայում է: Նաև ռելևֆն է քաղաքում բարդ, որով պայմանավորված քաղաքի բարձրադիր հատվածներից անձրևաջրերը սրընթաց հոսում են դեպի ավելի ստորին հատվածներ և ավելացնում ծանրաբեռնվածությունը տեղի անձրևատարների վրա: Եթե այս ամենին ավելացնենք, որ անձրևաջրերն իրենց հետ հավաքում բերում են կենցաղային աղբը ու դրանով ճաղավանդակները փակում, ապա հասկանալի է դառնում, թե ինչու են առատ տեղումների ժամանակ մեզանում կուտակումներ առաջանում: Ստեղծված իրավիճակում Վեոլիա ջուր ընկերությունը ձեռնարկում է միջոցներ անձրևաջրերի հեռացման համակարգի կանոնավոր աշխատանքի ապահովման համար: Մասնավորապես, սահմանվել է հերթապահություն, առանձնահատուկ ուշադրության ներքո են այս առումով քաղաքի առավել խոցելի վայրերը, տեխնիկան և վթարային բրիգադները պատրաստ են անմիջապես արձագանքելու արտակարգ իրավիճակներին: Միևնույն ժամանակ, Վեոլիա ջուր ընկերությունը հորդորում է երևանցիներին այս օրերին հնարավորին ձեռնպահ մնալ անձրևային ժամերին երթևեկելուց, ինչպես նաև անձնական տրանսպորտ վարելուց՝ խուսափելու համար խցանումներից և անհարմար վիճակում հայտնվելուց: [b]Վեոլիա ջուր ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր