211652_close_icon
views-count12369 դիտում article-date 10:49 04-05-2019

Ամենաիմաստուն որոշումը, որը կարող է կայացնել պարոն Ծառուկյանը, մանդատը ինքնակամ վայր դնելն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն, ինչի մասին «Առավոտը» գրում էր ավելի քան 20 տարի, վերջապես բարձրաձայնվեց Ազգային ժողովի նախագահի կողմից՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտարարությամբ: Քաղաքականության և բիզնեսի այն համակցումը, որը Հայաստանում գոյություն ունի 1995 թվականից, անընդունելի է օրենքի և էթիկայի նորմերի տեսանկյունից: (Ամբողջությամբ դրանից խուսափել հնարավոր չէ ոչ մի երկրում, բայց քաղաքակիրթ աշխարհում դրա համար գործում են հատուկ կարգավորումներ): Այն պահից, երբ Հայաստանի առաջին գումարման ԱԺ-ում հայտնվեցին Կոմբիկերի Վլադի կամ Կարամելի Հարութի նման կերպարներ, պարզ դարձավ, որ մեր երկրում «վայրի կապիտալիզմը» վերջնականապես հաղթել է, և պատգամավորները, «փող թափելով», գալիս են խորհրդարան ոչ թե ընտրողների, քաղաքացիների, այլ իրենց սեփական բիզնեսի շահերը պաշտպանելու: (Ի դեպ, նույն վիճակն էր 1920-ականների ԱՄՆ կոնգրեսում): Որպես կանոն, նման պատգամավորները չափազանց պասիվ են զուտ օրենսդրական աշխատանքում, շատերի կրթությունն էլ թույլ չի տալիս հասկանալու, թե որն է այս կամ այն օրինագծի իմաստը: Բայց փոխարենը նրանք չափազանց ակտիվ են, երբ խոսքը գնում է իրենց բիզնես շահերի մասին: 2018 թվականի հեղափոխությունից հետո պատգամավորական այդ «ուղղության» ամենացայտուն ներկայացուցիչը մնաց Գագիկ Ծառուկյանը: Եկեք անաչառ լինենք այս և մնացած գործարարների գնահատականը տալիս: Ես վստահ եմ, որ խոշոր գործարար լինելու համար, ինչպես նաև այլ մասնագիտությունների դեպքում, որոշակի տաղանդ է պետք: Այո, Ծառուկյանը սկզբնական շրջանում հարստացել է Ռոբերտ Քոչարյանի և նրա հանգուցյալ եղբոր շնորհիվ, բայց, եթե նույն արտոնությունները տային, օրինակ ինձ, ես, միևնույն է, չէի հարստանա, որովհետև այդ բնագավառում ընդունակություններ չունեմ: Ծառուկյանն իսկապես շատ մարդկանց է օգնել, նպաստել է Հայաստանում մի քանի սպորտաձևերի զարգացմանը՝ մանավանդ այն տարիներին, երբ նույն երկրորդ նախագահը հատուկ հետաքրքրություն էր դրսևորում սպորտի հանդեպ: «Երկրի դրվածքը» ստիպեց նրան մտնել խորհրդարան սկզբից անհատապես, իսկ այնուհետև՝ հատուկ դրա համար ստեղծված կուսակցության՝ ԲՀԿ-ի հետ՝ իր բիզնեսների համար վստահելի տանիք ապահովելու համար: Նույն ձևով են վարվել մի քանի տասնյակ այլ գործարարներ՝ սկսած, կրկնեմ, 1995 թվականից: Հիմա «երկրի դրվածքը» փոխվել է, ինչի մասին գրում է իր հայտարարության մեջ ԱԺ նախագահը: Ամենաիմաստուն որոշումը, որը կարող է կայացնել պարոն Ծառուկյանը, պատգամավորական մանդատը ինքնակամ վայր դնելն է, որը թույլ կտա ԲՀԿ խմբակցության մնացած պատգամավորներին անկաշկանդ զբաղվել քաղաքականությամբ: ․․․ Գագիկ Ծառուկյանը ներկայիս ԱԺ պատգամավորներից ամենախոշոր գործարարն է: Բայց արդյո՞ք միայն նա է զբաղվում ձեռնարկատիրությամբ: Արդյո՞ք այլ բիզնեսմեններ չկան ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցություններում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր