211652_close_icon
views-count1902 դիտում article-date 09:20 04-05-2019

Ամեն ինչ թողնված է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հույսին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում առաջ մղել խոստացված բարեփոխումները։ Ժամանակն անցնում է, իսկ գործընթացները տեղից չեն շարժվում։ Անցած մեկ տարվա ընթացքում, հայտարարություններից բացի, այդպես էլ որևէ ոլորտում առարկայական բարեփոխումներ չիրականացվեցին։ Կառավարությունը շատ երկար է մտածում` մինչև որոշում կայացնելը։ Ամիսներ պահանջվեց, որպեսզի կառավարությունը կարողանա ի մի բերել կառավարման համակարգի կառուցվածքը։ Չնայած այդպես էլ դրա հիմքում որևէ տրամաբանական հիմնավորում չհաջողվեց դնել։ Դեռևս կառավարման համակարգի բարեփոխումները չսկսած` կառավարությունը, թեկուզ ժամանակավոր, բայց ստիպված էր հետ կանգնել այն առանցքային նպատակից, ինչի համար նախաձեռնել էր այս ամենը։ Խոսքն օպտիմալացման մասին է: Վախենալով հնարավոր հասարակական դժգոհություններից ու բացասական հետևանքներից`այս փուլում կառավարությունը ստիպված էր հրաժարվել կտրուկ քայլերի գնալուց։ Այժմ արդեն հայտարարվում է, որ նախարարությունների միացման առաջին փուլում կկրճատվի շուրջ 100 մարդ։ Թե ե՞րբ կսկսվի օպտիմալացման երկրորդ փուլը, առայժմ կառավարությունը չի ցանկանում բացահայտել` զգուշանալով հնարավոր դժգոհություններից։ Ամեն ինչ թողնված է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հույսին, որոնք հիմնականում կտրված են իրականությունից և չունեն բավարար հիմնավորումներ։ Այնպես, ինչպես եղավ տնտեսության թռիքաձև աճի կամ տնտեսական հեղափոխության դեպքում։ Այսօր արդեն քչերն են սպասում Հայաստանի տնտեսության թռիչքաձև զարգացմանը։ Նույնիսկ վարչապետն է դադարել խոսել այդ մասին։ Զուտ բարի ցանկություն է տնտեսական հեղափոխություն ասվածը, եթե դրա համար հիմքեր չեն ստեղծվում։ Կառավարությունը մինչև հիմա գրեթե ոչինչ չի արել տնտեսական դաշտում խթաներ ստեղծելու համար։ Ներդրումային դաշտը նախկինում մի բան չէր, իշխանափոխությունից հետո պարզապես կաթվածահար վիճակում է։ Անհասկանալի է, թե ինչ է մտածում կառավարությունը` այս իրավիճակից դուրս գալու համար։ Այդքանից հետո պատահական չէ, որ տնտեսական հեղափոխության իրականացման հույսը մնացել է վարկերը։ Ու ինչքան էլ կառավարությունը փորձում է պետական բյուջեի հաշվին սուբսիդավորել վարկերի տոկոսները, դեռ մեծ հարց է, թե դրանով ում է ավելի շատ լավություն անում` առևտրային բանկերի՞ն, թե՞ տնտեսությանը։ Ինչքան էլ ցանկությունը գուցե մեծ է, այնուհանդերձ, վարկերով տնտեսական հեղափոխություն չեն անում։ Անընդհատ խոսվում է արտահանման ուղղվածության տնտեսություն ստեղծելու, արտահանումը խրախուսելու մասին։ Այսքան ժամանակ ի՞նչ քայլեր է արել կառավարությունն այդ ուղղությամբ։ Ընդհակառակը` մի բան էլ նոր խնդիրներ է ստեղծել արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումների պատշաճ կազմակերպման և իրականացման ճանապարհին, որոնք վաղն արտադրողներին կարող են կանգնեցնել շատ լուրջ բարդությունների առջև։ Հիշենք հայտնի անեկդոտը, որը նա ոգևորված պատմում էր Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ. «Նորոգվող բնակարանի սեփականատերը մի ամիս հետո գալիս, մտնում է նորոգվող տուն և տեսնում, որ վարպետը` Պետոն, ոչինչ չի արել: Հարցնում է՝ ի՞նչ ես արել էս մեկ ամսվա ընթացքում, Պետոն ասում է. «Շեֆ ջան, լուսամուտը դրիմ: Ասում է՝ հասկացանք, հետո՞: Նորից է կրկնում՝ դե, լուսամուտը դրիմ, էտի սիրուն մաքրիմ, հավաքիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ»: Մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց աշխատանքներն այդպես էլ լուսամուտը դնելուց այն կողմ չեն անցնում»: [b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր