211652_close_icon
views-count1404 դիտում article-date 18:37 03-05-2019

«Երկու բարեկամ ժողովուրդներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ կամք». Արարատ Միրզոյանը՝ ԱՄԷ պետնախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 3-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի բացման կապակցությամբ` նշելով, որ այն նպաստավոր հարթակ է երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցության խթանման, միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման եւ համագործակցության հետագա ընդլայնման համար: Արարատ Միրզոյանն ընդգծել է այն մեծ ներուժը, որ առկա է հայ-էմիրաթական հարաբերությունների տարբեր բնագավառներում` տնտեսական, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, ինչպես նաեւ մշակույթի, գիտության ու կրթության ուղղություններով, քաղաքական հարթությունում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է կարեւոր հանգույց դեպի Ծոցի տարածաշրջան եւ իր հերթին կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրների շուկաներ: «Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները եւ պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»,-նշել է Ազգային ժողովի նախագահը: Քաղաքական երկխոսության համատեքստում նա ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը` առանձնահատուկ նշելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության դերակատարությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը տեղեկացրել է, որ ԱՄԷ-ի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան` քննարկելու երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ահմադ Ալի ալ-Սայեղը նշել է, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին, եւ այդ հարթակը վկայությունն է այն մեծ հետաքրքրվածության, որ ունի իր երկիրը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Ընդգծելով ձեւավորված երկկողմ բարեկամական կապերը` նա ԱՄԷ ղեկավարության անունից հավաստիացրել է, որ պատրաստակամ են զարգացնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով` քաղաքական, տնտեսական, հումանիտար: Պետնախարարը կարեւորել է նաեւ միջազգային ամենատարբեր հարթակներում համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի: «Ոչ միայն կառավարությունների, այլ նաեւ երկու բարեկամ ժողովուրդների մոտ առկա է հարաբերությունների հետագա զարգացման մեծ կամք, ինչն արդյունավետ փոխգործակցության գրավականն է»,- նշել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը` կարեւորելով միջխորհրդարանական կապերի ու փոխադարձ այցելությունների աշխուժացումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր