Այս տարի շանս ունենք գյուղացիներին պատշաճ ոռոգման ջրով ապահովելու. Փաշինյան
Ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ը Սևանի մակարդակը կբարձրանա 49 սմ-ով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Սևանի շրջակայքում դեռ ցուրտ է, դեռ հալոցքը չկա, երբ լինի, ջուրը կբարձրանա: Մյուս ջրամբարներում բոլորում վիճակը լավ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նախորդ տարի, այս սեզոնին անգամ ջուր է բաց թողնվել Սևանից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց․ «Մենք այս տարի շանս ունենք գյուղացիներին պատշաճ ոռոգման ջրով ապահովելու համար և հույս ունեմ, որ այդ շանսը կօգտագործենք: Եթե կլիմայի գլոբալ փոփոխությունները Հայաստանում այնպես արտահայտվեն, ինչպես այս տարի են արտահայտվել, կարող ենք ասել, որ մեր բախտը բերում է»:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը այլ կարծիք հայտնեց։
«Հետազոտություններ, կանխատեսումներ կան 2030, 2070 և 2100 թվականների համար: Տարբեր սցենարներով՝ 2030-ին մոտ 11 տոկոսով կնվազի գետային հոսքը։ Կան նաև հետազոտություններ, որ մայիսից-հոկտեմբեր կնվազեն տեղումների քանակը: Մյուս կողմից՝ կապված Կասպից ծովից գոլորշիացման ավելացման հետ, հնարավոր են հեղեղումներ և մեծ տեղումներ ոռոգման սեզոնից դուրս: Դրա համար առավել քան արդիական է ջրամբարաշինությունը: Այսօրվա դրությամբ, 1,23 աստիճանով արդեն ունենք ջերմաստիճանի բարձրացում»,- ասաց Էրիկ Գրիգորյանը: