211652_close_icon
views-count1485 դիտում article-date 13:55 02-05-2019

«Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություն կկատարվի

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2018 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարան, որից հետո նախագիծը կներկայացվի ԱԺ: Խորհրդարանում այն կներկայացնի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությամբ (այսուհետ՝ Արձանագրություն) նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով: Արձանագրության նպատակն է Պայմանագրի 3-րդ եւ 6-րդ հոդվածներում կատարել փոփոխություններ. 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Մասնակից պետությունները ձեւավորում են Հավաքական անվտանգության խորհուրդ՝ կազմված մասնակից պետությունների ղեկավարներից կամ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարներից, եթե, համաձայն իրենց պետությունների օրենսդրությունների, իրենք իրավասու են որոշումներ կայացնել Խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ», իսկ 6-րդ հոդվածի առաջին պարբերության «մասնակից պետությունների ղեկավարների» բառերից հետո լրացնել «կամ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից, եթե, համաձայն իրենց պետության օրենսդրության, իրենք օժտված են համապատասխան լիազորություններով» բառերով:

Նմանատիպ նյութեր