211652_close_icon
views-count7122 դիտում article-date 18:31 30-04-2019

Կազմակերպված կիբերհանցագործություն՝ Երևանում․ խաբեության միջոցով գողանում են մարդկանց անձնական տվյալներն ու գումար աշխատում. Hetq.am

[url=https://hetq.am/hy/article/103228]Hetq.am[/url]-ը գրում է. ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բնակվող Մաքս Բոկըմը (Max Baucum) պատերազմի վետերան է, ծառայել է Վիետնամում։ Վերադառնալով հայրենիք՝ անցել է թոշակի։ Մի առավոտ Մաքսը միացնում է համակարգիչը, և էկրանին է հայտնվում պատուհան, որի վրա գրված է «Ձեր համակարգիչն արգելափակված է, քանի որ այն վարակված է վիրուսով կամ լրտեսական ծրագրերով, որոնք ցանկանում են գողանալ Ձեր ֆեյսբուքյան գաղտնաբառը, բանկային և էլեկտրոնային հասցեի տվյալները։ Զանգեք Windows-ի տեխնիկական աջակցության ծառայությանը հետևյալ հեռախոսահամարով՝ 661 888 40822: Եթե անտեսեք այս նախազգուշացումը և փակեք էջը՝ առանց խնդիրը լուծելու, Ձեր համակարգչի աշխատանքը կկասեցվի՝ մեր ցանցը չվնասելու նպատակով»։ Մաքսը զանգահարում է նշված ամերիկյան անվճար հեռախոսահամարով։ Նրա զանգը, սակայն, ստանում են Երևանի Նաիրի Զարյան 73/1 հասցեում գտնվող բիզնես կենտրոնի 4-րդ հարկում։ Զանգին պատասխանում է ազգությամբ հնդիկ Գուրդիփ Սինգը, ով ներկայանում է Գարի Դենիելս կեղծանունով։ Հեռախոսազրույցի սկզբում Գարին ասում է, որ ինքը Microsoft Windows-ի օնլայն տեխնիկական աջակցության ծառայության աշխատակից է, գտնվում է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ Նա նախազգուշացնում է Մաքսին, որ վերջինիս համակարգիչը չափազանց լուրջ հարձակման է ենթարկվել և ինչ-որ անձինք փորձում են գողանալ նրա վիրտուալ ինքնությունը՝ ֆեյսբուքյան գաղտնաբառը, բանկային տվյալները և այլն։ Գարին, սակայն, հավաստիացնում է, որ կօգնի վերացնել համակարգչում առաջացած խնդիրը, եթե Մաքսը նրան թույլ տա օնլայն մուտք գործել իր համակարգիչ։ Գարին մուտք է գործում համակարգիչ, որոշ ծրագրային փոփոխությունների ենթարկում այն։ Բացի այդ՝ մոտ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում նա կարողանում է համոզել Մաքսին վճարել 450 ԱՄՆ դոլար՝ ինչ-որ անվտանգության ծրագրի համար, որը մեկ տարով «կպաշտպանի» նրա համակարգիչը նմանատիպ վիրուսներից։ Մաքսը սկզբում դժվարությամբ է համաձայնում՝ նշելով, որ շատ սուղ դրամական միջոցներ ունի, բայց ավելի ուշ ասում է, որ կվճարի, քանի որ իրեն պարտական է զգում Գարիի առաջ՝ մոտ մեկ ժամ համակարգիչը կարգի բերելու նրա փորձերի համար։ Գարին, օգտվելով առիթից, Մաքսից պահանջում է նրա սոցիալական ապահովության համարը (Social Security Number), բանկային քարտի համարը, ժամկետը, հակառակ կողմի երեք թվերը, ինչպես նաև հասցեն։ Մարդու մասին վերոնշյալ անձնական տեղեկությունների ձեռքբերումն այլ անձանց կողմից ամերիկյան օրենսդրությամբ համարվում է ինքնության գողություն, որը վերջին շրջանում ամենատարածված կիբերհանցագործություններից է աշխարհում։ Կիբերհանցագործությունները համակարգչային սարքերի միջոցով կատարվող հանցագործություններն են։ Առավել տարածված տեսակներն են համակարգչային ծովահենությունը, առցանց խաբեությունները, համակարգչային համակարգերի դեմ հարձակումները, անձնական տվյալների գողությունը, անօրինական կամ արգելված տեղեկատվության տարածումը: «Անձնական տվյալներ գողացող անձինք կարող են օգտագործել Ձեր համարն ու լավ վարկային պատմությունը՝ Ձեր անունից նոր վարկերի դիմելու համար։ Հետո նրանք օգտագործում են վարկային քարտերն ու չեն վճարում հաշիվները։ Դուք պարզում եք, որ Ձեր համարն այլ անձ է օգտագործում միայն այն ժամանակ, երբ հրաժարվում են Ձեզ վարկ տրամադրել կամ զանգահարում են անծանոթ վարկատուներ և պահանջում վճարել այնպիսի ապրանքների կամ ծառայությունների համար, որոնք Դուք երբեք չեք գնել»,-հայտնում է ԱՄՆ սոցիալական ապահովության քարտեր տրամադրող գործակալությունը։ Գոյություն ունեն կիբերհանցագործների ստեղծած հազարավոր ինտերնետ տիրույթներ (domain), որոնք պարունակում են կեղծ նախազգուշացնող հաղորդագրություններ, թե իբր համակարգչում առկա է չափազանց վտանգավոր վիրուս, որից ձերբազատվելու համար անհրաժեշտ է զանգահարել նշված հեռախոսահամարով։ Այդ էջը կարող է հայտնվել մարդու համակարգչում սխալ հղում հավաքելու կամ անվստահելի կայքերից օգտվելու դեպքում։ Այն անձինք, ովքեր հավատում են այդ հաղորդագրությանը և զանգում նշված համարով, հայտնվում են կիբերհանցագործների թիրախում։ Նրանք մեծ մասամբ թոշակառուներ են կամ միջին տարիքի անձինք, որոնք ծանոթ չեն համակարգչային խաբեություններին։ Մանրամասներն՝ [url=https://hetq.am/hy/article/103228]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր