211652_close_icon
views-count2909 դիտում article-date 12:25 30-04-2019

Չեմպիոնների լիգա. Լոնդոնում սպասվում է հանճարների և համարձակների համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Լոնդոնում կկայանա «Տոտենհեմ»-«Այաքս» հանդիպումը: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ հանդիպելու են մրցաշարի երկու ամենահամակրելի թիմերը: Թիմեր, որոնք աչքի չեն ընկնում ֆինանսական մեծ կարողություններով, բայց դա փոխարինում են իրենց կրակոտ, համարձակ և հարձակողական ֆուտբոլով: Այս թիմերը ապացուցեցին, որ ֆուտբոլում ամեն ինչ չէ, որ որոշում են գումարները: «Տոտենհեմը» ընդհանրապես ապշեցուցիչ քայլ կատարեց՝ այս մրցաշրջանում ոչ մի տրանսֆեր չկատարելով: Ու չնայած դրան, թիմը շարունակում է փայլուն խաղ ցուցադրել թե Անգլիայում, որտեղ ընթանում է 3-րդ տեղում, թե՝ Չեմպիոնների լիգայում: 1/8 եզրափակիչում լոնդոնցիները պարզապես ջախջախեցին Դորտմունդի «Բորուսիային»: Դե, իսկ 1/4 եզրափակիչ մրցավեճը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ, հավերժ մտավ ֆուտբոլի պատմության մեծագույն և դրամատիկ դիմակայությունների շարքը: Հիմա էլ, որ հիշում ենք, ադրենալինը մարդու գլխին է տալիս: Մանչեսթերում առանց իր առաջատարի՝ Հարի Քեյնի, Պոչետինոյի թիմը կարողացավ ծանրագույն վիճակից դուրս գալ և վերջում կորզել անհրաժեշտ հաշիվը: Կարելի է գլուխ խոնարհել Պոչետինոյի առջև, որը մի քանի տարում միջակ թիմը դարձրեց եվրոպական թոփ ակումբ, որի խաղը դիտելը մեծագույն հաճույք է: Ընդ որում, «Տոտենհեմը» իր պատմության մեջ առաջին անգամ է հասնում ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլ: Նույնը կարել է ասել «Այաքսի» մասին: Սա թիմ չէ, այլ՝ մուրազ: 19-20 տարեկաններով համալրված կոլեկտիվը Չեմպիոնների լիգայի այս մրցաշարի գլխավոր զարդն է: Ոչ մի հեղինակություն չեն ճանաչում, իրենց համար էական չէ, թե ով է մրցակիցը, իրենք իրենց խաղն են ցուցադրում, չեն սպասում, թե դիմացինը ինչ կանի, իրենք են անում: Առաջնորդվում են «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» նշանաբանով: Այստեղից էլ գոլերի այն տարափը, որ նրանք տեղում են բոլոր մրցակիցների վրա: Սա լեգենդար Յոհան Կրոյֆի դպրոցն է, դպրոց, որը աշխարհին միշտ հիացրել է թե հրաշալի ֆուտբոլիստներով, թե՝ խաղով: Մուրազ չէ՞, որ հենց «Այաքս» մրցաշարի դուրս հանեց Չեմպիոններ լիգայի վերջին երեք խաղարկության չեմպիոն «Ռեալին»՝ Մադրիդում իսկական դաս տալով (4:1): Մուրազ չէ՞, որ հենց «Այաքսը» կանգնեցրեց «Յուվենտուսին»՝ Ռոնալդույով ու Ալեգրիով, որոնք վճռական էն տրամադրված վերցնել ՉԼ-ի գավաթը: Մի թիմ, որի ավագը 19-ամյա դե Լիգտն է, որին երազում են իրենց շարքերում տեսնել եվրոպական բոլոր գրանդ ակումբները: Մի քանի ամիս առաջ ո՞վ էր ճանաչում դե Լիգտին, Ֆրենկի դե Յոնգին, Հակիմ Զայեհին, Դավիդ Ներեշին, Մազրաուին, Դոնի վան դեն Բեկին: Իսկ հիմա նրանց համար հարյուր միլիոնավոր եվրոներ են թափելու «փողի մեշոկները»: Եվ իհարկե, չի կարելի չնշել Էրիկ տեն Հաագին, որը մի տարվա մեջ այսպիսի ֆանտաստիկ թիմ է ստեղծել: Վերջին անգամ այսքան հրաշալի թիմ «Այաքսն» ուներ 1995-96 թվականներին: Քառորդ դար անց նրանք նոր հաղթարշավ են սկսել: Ահա այսպիսի դիմակայություն է մեզ սպասվում: Վստահ ենք, որ գոլեր լինելու են, որպես կանոն, երկու թիմն էլ սիրում են ոչ միայն հարձակվել, այլ նաև՝ նրանց գոլերն էլ են մեկը մյուսից գեղեցիկ ստացվում: Համբերության զինվենք. մեզ արտակարգ խաղ է սպասվում. այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր