211652_close_icon
views-count2176 դիտում article-date 12:01 30-04-2019

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց

Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնցից 8-ը կքննարկվեն նեղ կազմով հանդիպման ընթացքում: «[url=https://armenpress.am/arm/news/973152.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 17-րդ նիստի նեղ կազմով հանդիպման սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես առաջին անգամ եմ մասնակցում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, և ինձ համար մեծ պատիվ է լինել նախագահող երկրի ներկայացուցիչը: Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց»,- ասաց վարչապետը: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությանների զարգացմանն առնչվող հարցեր: Նախատեսված է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ԵԱՏՄ շրջանակում ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարների շուրջ, կհաստատեն արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխնաիզմի էտալոնային մոդելը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը կայացել է Ալմաթիում, 2019թ. փետրվարի 1-ին: Նիստի օրակարգում 16 հարց էր ընդգրկված, որոնք բոլորն էլ ուղղված էին Միության կազմում երկրների համագործակցության ամրապնդմանը: Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Մաքսային միությունը սկսել է գործել 2010թ. հունվարից, իսկ 2011թ. դեկտեմբերին որոշում է կայացվել Միասնական տնտեսական տարածքը ձևավորող միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, ինչն էլ նախանշել է 2012թ. հունվարի 1-ից ՄՏՏ ձևավորող համաձայնագրերի կիրառումը՝ մինչև 2015թ. Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերջնական նպատակով: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էՄաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին: 2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին: 2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը:

Նմանատիպ նյութեր