211652_close_icon
views-count3933 դիտում article-date 22:15 29-04-2019

«Եթե չկա մշակույթը, մնացածն ընդհանրապես իմաստ չունի». քաղաքապետը պարգևատրել է պարարվեստի գործիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց մշակութային ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: «Երևանի քաղաքապետարանը, մեր թիմը, բացի ամենօրյա կենցաղային խնդիրներից, անչափ կարևորում է նաև մայրաքաղաքի մշակութային օջախների գործունեությունն ու Երևանի մշակութային կյանքը: Քանի որ, եթե չկա մշակույթը, մնացածն արդեն ընդհանրապես իմաստ չունի, և այդ մշակույթի կրողները դուք եք: Դուք անում եք այն դժվար գործը, որ տանում եք առաջ մեր մշակութային կյանքը, պահում եք ավանդույթները և զարգացնում դրանք: Տարիներ շարունակ եղել է մոտեցումը` կարևոր հարցերը լուծենք, վերջում էլ ինչ մնաց՝ տանք մշակույթին, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ այսուհետ Երևանի քաղաքապետարանը լրիվ այլ մոտեցում է որդեգրել»,- ընդգծել է քաղաքապետը: Երևանի քաղաքապետարանն այս տարի որոշակի փոփոխություններ է իրականացրել պարգևատրման կարգում. այսուհետ քաղաքապետի պարգևների կարժանանան տվյալ կազմակերպության ներկայացրած աշխատակիցները: «Մենք փորձել ենք, որ ամեն կոլեկտիվ և ամեն կոլեկտիվի ղեկավար ինքը ներկայացնի այն արտիստներին, որոնց ցանկանում է պարգևատրել: Մենք գտնում ենք, որ կոլեկտիվի ղեկավարները, գեղարվեստական ղեկավարները, տնօրենները ամբողջ տարին իրենք են աշխատում տվյալ արտիստի հետ ու իրենցից բացի ոչ ոք ավելի լավ չի կարող գնահատել իր արտիստին: Վստահ եմ, որ արդարության ու թափանցիկության այս սկզբունքով մենք կկարողանանք Երևանում ի հայտ բերել և բացահայտել լավագույններին, այն մարդկանց, որոնք կարևոր են իրենց կոլեկտիվներում, այն մարդկանց, որոնց գնահատում է իրենց կոլեկտիվի ղեկավարը»,- իր հերթին նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Պարի միջազգային օրվա առթիվ, բալետի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և կատարողական բարձր վարպետության համար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան Վահագն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով: Պարարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պարի պետական համույթի պարուհի Ինգա Ավդալյանը և «Սարդարապատ» պարային համույթի պարուսույց-բալետմայստեր Էդգար Հակոբյանը պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով: Պարավեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր