211652_close_icon
views-count968 դիտում article-date 19:48 29-04-2019

Երևանի քաղաքապետարանը գնման գործընթացների արդյունքում տնտեսել է 1 մլրդ, 255 մլն դրամ

Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի Կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարները վերացնելուց հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: Հետիոտների և վարորդների դժգոհությանը քաղաքապետն անձամբ համաձայն է. շրջել է քաղաքում և իրավիճակն անընդունելի է համարում: «Մենք հասկանում ենք, որ ձեր ընկերությունների գերնպատակը ձեր աշխատանքներն անելն է, և դրանում մենք ձեզ չենք խոչընդոտում: Ավելին, տվել ենք տասնյակ թույլտվություններ: Սակայն դա չի նշանակում, որ բոլոր հասցեներում միաժամանակ պետք է սկսեք և կիսատ թողնեք: Ինձ համար դա անընդունելի է: Օրեր շարունակ վերականգնված չէր Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածը: Այդպիսի մեծ և կարևորագույն փողոցում քանդված վիճակն ուղղակի անհասկանալի է: Եթե այսպես շարունակվի՝ այլևս չենք տալու որևէ թույլտվություն»,-ընդգծել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Աղբահանությունից բացի, քաղաքապետարանը բավարար չի համարում նաև քաղաքի ընդհանուր մաքրությունը: «Այն օրվանից, երբ «Սանիթեք» ընկերությունը ստանձնել է նաև մայրաքաղաքի մաքրության ապահովումը, ինչ-որ բա՞ն է փոխվել Երևանում: Քաղաքում ամեն ինչ նույնն է, նույնն են մարդիկ, նույնն է նաև ձեզ տրամադրվող գումարը, բայց քաղաքն այսօր լուրջ խնդիր ունի: Ի՞նչ է պատահել: Եթե անհրաժեշտություն կա և պետք է աշխատավարձ բարձրացնեք կամ նոր աշխատուժ ներգրավեք, ապա արե՛ք: Կարևորը քաղաքի մաքրությունն ապահովելն է»: «Սանիթեք» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքի սանմաքրման հարցում լրացուցիչ խնդիրներ են առաջացնում գերբեռնված շինարարական մեքենաները, որոնք երթևեկության ընթացքում կեղտոտում են փողոցները շինարարական նյութերով: Քաղաքապետը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ միջոցներ ձեռնարկել և տուգանել նման վարորդներին: Քաղաքապետն ադրադարձել է նաև աղբամանների խնդրին՝ ընդգծելով, որ կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղեր են: «Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված կամ էլ ընդհանրապես չկան: Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ մեծահարուստների տների կողքին, տեսնում ես նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները և դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում: Իսկ բակային տարածքներում, կարևոր չէ՝ ով է այդտեղ ապրում, տեղադրում եք սովորական աղբամաններ: Եթե այդ թաղամասի բնակիչները ցանկություն կունենան՝ թող իրենց միջոցներով փոխեն», - ընդգծել է քաղաքապետը՝ դիմելով «Սանիթեքի» ներկայացուցիչին: Քաղաքապետարանի կողմից անցկացվող գնումների գործընթացի առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ մինչ օրս անցկացված մրցույթների արդյունքներով տնտեսվել է ավելի քան 1 մլրդ, 255 մլն դրամ: Քաղաքապետը հատուկ ուշադրություն է հրավիրել շինարարական աշխատանքների մրցույթներին. «Եթե ունենք «վառվող» մրցույթներ, ինչը նշանակում է, որ օր առաջ մեր բնակիչները սպասում են, որ փոսալցում լինի՝ ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ մրցույթի անցկացումից հետո հնարավորին սեղմ ժամկետում կնքվի պայմանգիր, և աշխատանքներն սկսեն»: Անդրադառնալով մրցույթներին մասնակցության հայտեր չլինելուն՝ հանձնարարվել է լրատվամիջոցներով և այլ հարթակներով քաղաքացիներին ու կազմակերպություններին պարբերաբար իրազեկել անցկացվող մրցույթների մասին: «Նախկինում ասվում էր՝ քաղաքապետարանը փակ է և ոչ ոք չի կարող մասնակցել: Այսօր բաց է, սակայն մասնակիցներ չկան: Հասկանալի է, որ մրցույթի պայմանները նախկինում ավելի շահութաբեր էին, սակայն մենք պետք է ապահովենք մասնակցություն: Դրա համար պետք է տեղեկատվությունը հնարավորինս շատ տարածվի և մեր քաղաքացիները տեղեկանան դրանց մասին» ,-ընդգծել է Հայկ Մարությանը: Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին և ստորաբաժանումներին՝ ապրիլի 24-ի և Քաղաքացու օրվա միջոցառումները կազմակերպելու ու անցկացնելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր