211652_close_icon
views-count1281 դիտում article-date 16:22 29-04-2019

Օլիմպիական խաղերի ամերիկահայ բժիշկ-մասնակից Հուրի Գեբեշյանն այցելել է Հերացու անվան բժշկական համալսարան

ԵՊԲՀ-ում երկուշաբթին սպորտային էր: Բժշկական համալսարանի հյուրն էր Օլիմպիական խաղերի ամերիկահայ բժիշկ-մասնակից Հուրի Գեբեշյանը, ով Հայաստանը ներկայացրել է ամենաբարձր հարթակներից: Հանդիպմանը ներկա սովորողների ու բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ Հուրի Գաբեշյանը կիսվեց առողջ ապրելակերպի իր հարուստ փորձով՝ ընդգծելով, որ Հայաստան գալու առաքելություններից մեկն էլ մարմնամարզության մակարդակը բարձրացնելն է: Օլիմպիական խաղերի բժիշկ-մասնակիցը հատկապես կանանց խորհուրդ տվեց երբեք թույլ չտալ, որպեսզի ձախորդությունները կարողանան խոչընդոտել հասնելու իրենց երազանքներին: «Չպետք է ուշադրություն դարձնել այն մարդկանց վրա, ովքեր միշտ կրկնում են, թե չենք կարող հասնել մեր երազանքներին: Առանց ցանկության ու աշխատասիրության ոչնչի էլ չենք հասնի»,-ասաց նա՝ մեկ անգամ ևս կրկնելով, որ անչափ ուրախ է գտնվել Հայաստանում և հատկապես ԵՊԲՀ-ում: Նշենք, որ մեր հայրենակիցն առաջին և միակ հայ կին օլիմպիական մարմնամարզիկն է, ում անունով «Գեբեշյան» անվանմամբ հայտնի հնարք կա մարմնամարզության մեջ: Հուրի Գաբեշյանը 2011թ. ավարտել է Այովայի համալսարանը և ստացել մարմնակրթական վերապատրաստման բակալավրի աստիճան։ Վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել 2012թ. Օլիմպիական խաղերին, թողել է սպորտը և բժիշկ դառնալու մտադրությամբ ընդունվել է Ուեյք Ֆորեսթի բժշկական դպրոցը: Երկու տարի անց՝ ավարտելով, ստացել բժշկի որակավորում և այժմ աշխատում է Օհայոյի Քլիվլենդի հիվանդանոցում։

Նմանատիպ նյութեր