211652_close_icon
views-count698 դիտում article-date 15:28 29-04-2019

Տալլինում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 26-ին Տալլինի Մայր տաճարում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում համատեղ համերգային ծրագրով հանդես եկան նշանավոր դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը, արցախցի երգիչ️ Վարդան Բադալյանը և Տալլինի Մայր տաճարի գլխավոր երգեհոնահարուհի Կադրի Պլոոմպուուն։ Միջոցառմանը ներկա էին Տալլինի արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլման, Էստոնիայի Ռիիգիկոգուի պատգամավորներ, Էստոնիայի գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնացի մտավորականներ, լրագրողներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Տալլինի Մայր տաճարի հոգևոր հովիվ, վերապատվելի Արհո Թուհկրուն, ով խորհրդանշական համարելով Տալլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացումը, նշեց, որ նման սարսափելի հանցագործությունները այլևս երբեք չպետք է կրկնվեն: Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ ամեն տարի այս օրերին աշխարհասփյուռ հայությունը հիշում և սգում է իր նախնիների կորուստը՝ միաժամանակ պայքարելով ցեղասպանության ճանաչման, դատապարտման և պատմական արդարության վերականգնման համար: Դեսպանն անդրադարձավ Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման վերջին փորձերին՝ նշելով, որ բառապաշարը հիշեցնում է 104 տարի առաջ երիտթուրքերի և հատուկ կազմակերպության առաջնորդների բառապաշարը՝ հանդիսանալով ժխտողականության առավել գռեհիկ դրսևորում։ Իր երախտագիտությունը հայտնելով ապրիլի 24-ն իրենց երկրներում հիշատակի օր սահմանած պետություններին՝ Տիգրան Մկրտչյանը նշեց, որ ցեղասպանության փաստի ժխտումնը այդ հանցագործության շարունակությունն է, և այդ ամենին վերջ դնելու համար ողջ առաջադեմ մարդկության միահամուռ ջանքերի և գործողությունների համադրումը հրամայական է: Միջոցառման ընթացքում կատարվեցին Ներսես Շնորհալու, Կոմիտասի, Սայաթ-Նովայի և այլ անվանի հայ հեղինակների ստեղծագործություններ և շարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր