211652_close_icon
views-count1205 դիտում article-date 17:42 28-04-2019

Մենք գալիս ենք մի երկրից, որի պատմությունն առլեցուն է հավատի վկայության գործերով. Իտալիայում Կաթողիկոսը Կրոնների փառատոնին հանդես է եկել բանախոսությամբ

Ապրիլի 27-ին Ֆլորենցիայի (Իտալիա) Ս. Մինաս տաճարում, Ս. Մինաս հայազգի մարտիրոսի նահատակության և համանուն տաճարի հիմնադրման 1000-ամյակի հոբելյանական տոնախմբության շրջանակներում, տեղի ունեցավ «Կրոնների փառատոն» միջկրոնական արարողությունը։ Միջկրոնական արարողությանը Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի պաշտոնական հրավերով իր մասնակցությունը բերեց և բանախոսությամբ հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջը։ Միջոցառմանը ներկա էին նաև Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլան, Կարդինալ Պարոլինը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կաթոլիկ և միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց ներկաներին՝ մասնավորապես ասելով. «Մենք գալիս ենք մի երկրից, որի պատմությունն առլեցուն է հավատի վկայության գործերով, որտեղ հողի ամեն անկյուն և հատիկ ներծծված է վկաների ու նահատակների արյունով, որի դարավոր մշակույթն ու քաղաքակրթությունը խորապես դաջված են քրիստոնեական հավատի ներշնչող ու առինքնող կնիքով։ Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Փրկագործության պատմությունը՝ Նոյյան ջրհեղեղից սկսած մինչև Փրկչի մարդեղացում բյուրեղացած ու լեռնացած է բիբլիական Արարատի վսեմ ներկայությամբ, որտեղ հավատն ազգային կեցություն է ու ապրելակերպ։ Ահա այս փորձառության ու ավանդության լույսի ներքո ենք այսօր Ձեզ հետ կիսելու մեր մտածումներն այս աշխարհում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության կարևորագույն հեռանկարներից մեկի՝ հավատի կարևորության ու ժամանակի մասին արդի հասարակության մեջ»։ Միջոցառման ավարտին Վեհափառ Հայրապետը, Մայր Աթոռի պատվիրակության, Կարդինալ Պարոլինի և Բենեդիկտյան վանական համալիրի վանահայր Հայր Բեռնարդոյի ու մյուս վանականների հետ շրջայց կատարեց Ֆլորենցիայի հայազգի առաջին մարտիրոսի անունը կրող տաճարում, ապա աղոթք կատարվեց սրբի նշխարների վրա կառուցված խորանի առաջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր