211652_close_icon
views-count1873 դիտում article-date 17:10 27-04-2019

Արդարադատության նախարարը Քաղաքացու օրը նշել է աշտարակցիների հետ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 27-ին Աշտարակի քաղաքային զբոսայգում որդու հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման շրջանակում անցկացվող «Իրազեկ քաղաքացի» թեմայով քննարկմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը շնորհավորել է ներկաներին օրվա կապակցությամբ և նշել, որ Հայաստանի ժողովուրդը 2018 թվականի ապրիլին իրեն իրական քաղաքացու նման դրսևորեց: «Հայաստանում տարիներ շարունակ իշխանությունը ձևավորվում էր ոչ ժողովրդի կամքով, այն դեպքում, երբ ժողովուրդն է երկրի տերը և նա է որոշում՝ ովքեր են ծառայելու իրեն՝ որպես կառավարիչներ: Մեկ տարի առաջ, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց, իշխանափոխությունը եղավ սահմանադրական ճանապարհով, որևէ իրավունք չխախտվեց: Սրանով է դրսևորվում մեր քաղաքացու արժեքը»,- ասել է նախարար Զեյնալյանը և հիշեցրել ընդվզումների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դրսևորած վարքագիծը, որի ընթացքում ոչ մի ծառի ճյուղ չի կոտրվել, որևէ ավտոմեքենա չի վնասվել: Նախարարի համոզմամբ, սա է քաղաքացու վարքագիծը, սա է երկրի տիրոջ վարքագիծը, սա է այլոց իրավունքները հարգող մարդու վարքագիծը: «Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք ուզում ենք, որ այն հարուստ լինի, մեր երկրում լինի աշխատանք, որովհետև մենք նաև աշխատանքով ենք երջանիկ»,- նշել է նախարարը և կարևորել հեղափոխության շարունակականությունը՝ դա կապելով քաղաքացու գիտակցության հետ: Ըստ նրա, երբ ասում ենք «Մենք ենք տերը մեր երկրի», նշանակում է՝ ամեն հարցում է այդպես: «Եվ մեր երկրի հարստությունը բաղկացած է բոլորիս ունեցած հարստության հանրագումարից: Եթե մենք լավ քաղաքացիներ ենք, ուրեմն պետք է մեր հարստանալով հարստացնենք ընդհանուրը, որը մասնագիտական շրջանակում կոչում են համախառն ներքին արդյունք: Եթե մեր երկրում կառավարիչները կարողանան ապահովել ազատ մրցակցություն, ինքնադրսևորվելու և իրացվելու հնարավորություն, ապա մեզնից յուրաքանչյուրը պետք է օգտվի դրանից: Իսկ մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանում այլևս չեն լինելու անօրինական ընտրություններ: Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո քաղաքացուն ծառայող իշխանավորներն ապահովել են ազատ, արդար, թափանցիկ ու հավատ ներշնչող ընտրություններ, որի շարունակականությունը ևս ապահովվելու է: «Մենք մարտահրավեր ենք նետել կոռուպցիային, հովանավորչությանը: Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ: Հայաստանը մեր տունն է, իսկ մենք՝ որպես տանուտեր, պետք է ամենալավը ծառայենք մեր ընտանիքին»,- եզրափակել է արդարադատության նախարարը՝ կրկին շնորհավորելով բոլորին Քաղաքացու օրվա կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր