211652_close_icon
views-count4380 դիտում article-date 10:05 27-04-2019

ՀՅԴ-ն իշխանությանը մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին ձախողվելուց՝ խորհրդարան չանցնելուց հետո ՀՅԴ-ն փորձելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար առաջիկայում լուրջ խնդիրներ հարուցել և՛ քաղաքական, և՛ իրավական առումով: Ընդ որում` այդ գործընթացի թիկունքում նկատելի են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի նկրտումները: Ինչպես հայտնի է, օրերս նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորած ՀՀ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Խոսքն այն օրինագծի մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց` առիթ հանդիսանալով արագացնելու նախորդ խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը: Եվ, ահա, ՍԴ որոշումից հետո ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով. «Այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա և բոլոր հարցերը կդնի իր տեղը»: Պատահական չէ, որ Ռուստամյանն իր խոսքում օգտագործում էր հենց «հակասահմանադրական գործողություններ» հասկացությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՅԴ-ականներն ակտիվ քննարկումների մեջ են, որպեսզի այս հարցով դիմեն ՍԴ կամ ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ արձակման գործընթացը, անցկացված արտահերթ ընտրությունները և վերականգնել նախորդ խորհրդարանի լիազորությունները: Ասել է թե` նրանք փորձելու են գործող իշխանությանը մեղադրել սահմանադրական կարգը տապալելու համար, քանի որ վստահ են՝ կլինեն մեծ թվով պատգամավորներ, որոնք ցուցմունք կտան, որ իրականում սպառնալիքների և ճնշման տակ են գնացել այդ քայլին: Պատահական չէ, որ Ռուստամյանն էլ ասել է, որ այդ ամենը կատարվել է ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով։ «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, սակայն նա այս պահին ձեռնպահ մնաց մեկնաբանություններից. «Այժմ ընթանում է ԳՄ ժողովը. այն տևելու է երեք օր։ Դրա ավարտից հետո կլինի ծավալուն հայտարարություն՝ մեր հետագա ծրագրերի, հետագա անելիքների վերաբերյալ և նաև այդ հարցի շուրջ»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր