211652_close_icon
views-count1539 դիտում article-date 23:32 26-04-2019

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության տարելիցն առաջին անգամ ոգեկոչվեց իբրև հիշատակի պետական օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության տարելիցն առաջին անգամ ոգեկոչվեց իբրև հիշատակի պետական օր՝ համապատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայի պաշտոնական օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ներառելու կապակցությամբ հրամանագրի: Այս համատեքստում, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Ֆրանսիայում անցկացվեցին առավել լայնամասշտաբ կերպով: Նախագահ Մակրոնը գրառում կատարեց թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով. «Այսօր, ապրիլի 24-ին, մենք պաշտոնապես հիշատակում ենք հայոց ցեղասպանությունը, հիշելու, որ մարդն ընդունակ է վատագույնին, եթե մոռանում է թե ինչն է կապում իրեն իր մերձավորի հետ և որպեսզի հետևողական լինենք, որ պատմությունը չկրկնի իր սխալները»: Փարիզում հիշատակի միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 23-ին՝ Հաղթական կամարի ներքո Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին հարգանքի տուրքի մատուցման զինվորական արարողությամբ: Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության կազմակերպմամբ տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ՝ հատուկ այդ կապակցությամբ մասնակիորեն փակված Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Շուրջ երեք տասնյակ ծաղկեպսակներ տեղադրվեցին Ֆրանսիայի տարբեր քաղաքների, մարզերի, խորհրդարանական բարեկամության խմբերի, ինչպես նաև՝ հրեական, հունական, ասորա-քալդեական համայնքների ղեկավարների կողմից։ Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հաղթական կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը: Ապրիլի 24-ի առավոտյան Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Իդալգոյի անունից տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր: Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակի հարևանությամբ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի արձանի մոտ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպմամբ կայացավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որին ներկա գտնվեց և ընդարձակ ելույթով հանդես եկավ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները, Գյուղատնտեսության նախարար Դիդիե Գիյոմը, կրթության և երիտասարդության հարցերով պետքարտուղար Գաբրիել Ատալը, օտարերկրյա դեսպաններ, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ: Իր ելույթում վարչապետ Ֆիլիպը նշեց. «Հարգանքի տուրք մատուցելով հայոց ցեղասպանության զոհերին Ֆրանսիան հավատարիմ է ինքն իրեն, հավատարիմ իր արժեքներին, և իր համար պատիվ է դա ընդունելը: Ֆրանսիայի վրա չի կարող ազդել որևէ ճնշում կամ սուտ: Այն ինչ մենք փնտրում ենք՝ պատմական ճշգրտությունը և հաշտեցումն է»: Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ անցկացրեցին Ելիսեյան դաշտեր պողոտայով: Ապրիլի 22-ին Փարիզի Լիբանանի Աստվածամոր տաճարում մատուցվել էր Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Այդ ամենամյա պատարագը նախատեսված էր անցկացնել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը սակայն տեղափոխվեց ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով: Ապրիլի 24-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ֆրանսահայ կառույցների կոչով՝ ոգեկոչման բազմամարդ միջոցառումներ տեղի ունեցան Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում` Ֆրանսիայի պետական և տեղական մարմինների և ՀՀ դեսպանության մասնակցությամբ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունները Ֆրանսիայում կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր