211652_close_icon
views-count1094 դիտում article-date 19:15 26-04-2019

«Այբ» կրթական հիմնադրամը և Տավուշի մարզպետարանը համատեղ կիրականացնեն կրթական ծրագրեր

Ապրիլի 26-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ամրագրելով մարզում համատեղ որակյալ կրթական մշակույթ և միջավայր ստեղծելու իրենց ձգտումն ու նպատակը։ Մարզպետարանն ու «Այբ» կրթական հիմնադրամը պատրաստակամ են ներդնել իրենց ջանքերը՝ ստեղծելու որակյալ կրթություն և նպաստելու բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և կհամագործակցեն՝ հաշվի առելով գործունեության ընդհանուր շրջանակն ու 13 տարիների ընթացքում հիմնադրամի իրականացրած կրթական հաջողված ծրագրերը։ «Այբ» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագրի շրջանակում պատրաստակամ է առանձին և այլ գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացնելու կրթական ծրագրեր ՀՀ Տավուշի մարզում` նպաստելով մարզի կրթական ոլորտի բարելավմանը, հանրակրթական հաստատությունների վերազինմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, աշակերտների գիտելիքների ձեռք բերմանը, երիտասարդության շրջանում կրթության հանդեպ հետաքրքրության ավելացմանը, ինքնակրթության մշակույթի ձևավորմանը: Համատեղ աշխատանքներ կիրականացվեն մի քանի ուղղություններով, մասնավորապես.  «ԱյբԼաբ» ծրագրի տարածում ու ներդրում ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում, ծրագրի շրջանակում դպրոցների ուսուցիչների գործնական հմտությունների զարգացում,  ուսուցիչների վերապատրաստում,  «Այբ»-ի գործընկեր դպրոցների ցանցում Տավուշի մարզի դպրոցների ներգրավում,  նախագծային ուսումնառություն,  ինքնազարգացմանն ուղղված առցանց ուսման խրախուսում՝ «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակի հիման վրա,  կրթական տուրիզմի ոլորտում ջանքերի համադրում: Մարզում «Այբլաբերի» հիմնադրման համար բազա կհանդիսանա ոչ թե մայրաքաղաքում, այլ հենց մարզում հաջողությամբ փորձարկված՝ Դիլիջանում գործող այբական դպրոցի լաբորատորիայի մոդելը։ Մինչ փաստաթղթի ստորագրումը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Նուրբեկյանը, Դիլիջանի դպրոցի տնօրեն Նաիրա Դալուզյանը և այլ հյուրեր շրջեցին Դիլիջանի կենտրոնական դպրոցում՝ ծանոթանալով մարզում արդեն վեց տարի գործող, հանրակրթական ամենախիստ չափանիշներին համապատասխանող և համայնքային կարևոր նշանակության դպրոցի կրթական հնարավորություններին, այդ թվում՝ ԿԲ նախաձեռնությամբ գործող Ֆաբլաբի աշխատանքներին։ Հայկ Չոբանյանը, կարևորելով մարզում կրթությանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, նշեց. «Ամենամեծ ներդրումը մարդկային ներուժի զարգացմանն ուղղված ջանքերն են։ Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում բնագիտական ուժեղ կրթությունը հաղթելու բանաձև է։ Այսօր մենք ոչ միայն հուշագիր ենք ստորագրում, այլև սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքը ուժեղ ուսուցիչն է, ուժեղ քաղաքացին և ուժեղ պետությունը»։ «Այբ»-ը լավագույն ծրագրերի ստեղծման ու գործարկման միջավայր է, որոշակի առումով՝ կրթական լաբորատորիա, և պատրաստ է իր կրթական տեխնոլոգիաներով կիսվել դրա ցանկությունն ու պատրաստակամություն ունեցող կառույցների հետ։ Սոնա Կոշեցյանն ակնկալում է, որ «Այբ»-ի ներկայությունը Տավուշում էականորեն կակտիվացնի կրթական ծրագրերում թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների ներգրավվածությունը՝ նպաստելով կրթության վերափոխմանը։ «Այս հուշագրի ստորագրմամբ մենք զարկ կտանք վերոնշյալ ոլորտներում համատեղ ծրագրերին։ Միասին կկարողանանք ներգրավել այլ գործընկեր կառույցների՝ ընդլայնելով համագործակցության շրջանակները, և կկարողանանք հասնել մեզ համար ամենակարևոր խնդրի լուծմանը՝ այսօրվանից ճիշտ ներդրում կատարելով մեր ապագա սերնդի և երկրի զարգացման համար»։ «Այբ» կրթական հիմնադրամի մասին «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին այնպիսի մարդկանց կողմից, որոնք իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում միասնական ներդրմամբ ստեղծել բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր: «Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։ «Այբ»-ն իրականացնում է բազմաբնույթ գործունեություն հանրակրթության ոլորտում` մշակելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են ծառայում համակարգային փոփոխությունների համար: Հիմնադրամը 13 տարիների ընթացքում նախաձեռնել է 25 կրթական նախագիծ։ Դիլիջանի կենտրոնական դպրոցը հանդիսանում է «Այբ» համակարգի դպրոց: Այն ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր