211652_close_icon
views-count1110 դիտում article-date 19:00 26-04-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է բավական լայն և բազմաշերտ օրակարգ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները իրենց նպաստը կունենան նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առավել ընդլայնմանն ու խորացմանը: Անդրադառնալով նախագահ Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր հայտարարելու մասին որոշմանը՝ արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի այս քայլը՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը: Նախարար Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ ուղղված նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանմանը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության զարգացման և առավել խորացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները համակարծիք էին, որ Երևանի և Լիոնի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ՝ տնտեսական կապերը զարգացնելու համար:

Նմանատիպ նյութեր