211652_close_icon
views-count1073 դիտում article-date 17:33 26-04-2019

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին ներկա էին Արգենտինայի լրատվության և հանրային քննարկումների դաշնային համակարգի պետքարտուղար Էրնան Լոմբարդին (Hernán Lombardi), Արգենտինայի մարդու իրավունքների և մշակութային բազմազանության պետքարտուղար Կլաուդիո Ավրուխը (Claudio Avruj), Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, հասարակական ու քաղաքական գործիչներ, արգենտինահայ համայնքային ներկայացուցիչներ։ Որպես գլխավոր բանախոս՝ ելույթով հանդես եկավ պետքարտուղար Էրնան Լոմբարդին: Իր խոսքում նա մասնավորապես նշեց, որ յուրաքանչյուր ցեղասպանություն ունի իր նախապատմությունը և առանձնահատկությունները, սակայն կան նաև ընդհանրություններ, որոնք արտահայտվում են ոճրագործի հետևողական ժխտողականության ռազմավարության տեսքով՝ նպատակ ունենալով լռեցնել արդարության պահանջը և նույնիսկ արդարացնել ոճրի իրագործումը: Արարողության ընթացքում ընթերցվեց Բուենոս Այրեսի նահանգապետ Մարիա Էուխենիա Վիդալի (María Eugenia Vidal) ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի կողմից մատուցվեց Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված կարգ՝ Բրազիլիայում և Արգենտինայում Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Պողոս արքեպիսկոպոս Հաքիմյանի մասնակցությամբ Երեկոյան մեկնարկեց Եղեռնի զոհերի հիշատակման բազմամարդ երթը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաև Արգենտինայի Ռոսարիո, Կորդոբա և այլ քաղաքներում։

Նմանատիպ նյութեր