211652_close_icon
views-count1047 դիտում article-date 19:46 25-04-2019

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. անցում «ռոմանտիզմից» «պրագմատիզմին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով Երևանի և Լիոնի միջև իրականացված ծրագրերը՝ մասնավորապես, հայ–ֆրանսիական մասնագիտացված ուսումնական կենտրոնի ստեղծումը, «Լիոնի այգու» կառուցումը, տեխնիկական և փորձագիտական աջակցության տարբեր նախաձեռնություններն ու փորձի փոխանակումը, Հայկ Մարությանը նկատել է, որ երկու քաղաքների միջև պետք է բարձրացնել համագործակցության արդյունավետությունը: «Երևան քաղաքը իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման հարցում, և այստեղ մեծ հեռանկարներ ենք տեսնում: Մենք նաև մի շարք ներդրումային ծրագրեր ենք մշակել Երևանի համար և շնորհակալ կլինենք Ձեր աջակցության համար՝ Լիոնից հնարավոր ներդրողների ներգրավման առումով: Նաև պատրաստ ենք քննարկել և մեր իրավասությունների շրջանակներում աջակցել Երևանում լիոնյան գործարարների կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերի իրականացմանը»,- նշել է Հայկ Մարությանն ու իր պատրաստակամությունը հայտնել երկու քաղաքների միջև հաստատված համագործակցությունն էլ ավելի զարգացնելու և նոր մակարդակի վրա դնելու հարցում: Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին նկատել է, որ հարկավոր է վերակենդանացնել և նոր ուժ հաղորդել երկուստեք հարաբերություններին: «Մեր համագործակցությունը պետք է տեղափոխենք ավելի պրագմատիկ փուլ, ինչի համար բոլոր նախադրյալներն առկա են: Վերասահմանելով նոր ուղղություններ, համոզված եմ, մենք կկարողանանք կյանքի կոչել նոր ծրագրեր, որոնք կարևոր են քաղաքների տնտեսական կյանքում: Փորձի փոխանակման ծրագրերն էլ իրենց հերթին կբացեն նոր դռներ»,- նշել է Ժորժ Կեպենեկյանը: Փոխքաղաքապետը ներկայացրել է նաև Լիոնի կառավարման համակարգը և նշել, որ այն համարվում է «ընդդիմության մայրաքաղաք»: Ժորժ Կեպենեկյանը նաև նշել է, որ Լիոնում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը ևս մեկ անգամ վերահաստատում է ֆրանսիացի ժողովրդի դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման ու ճանաչման հարցում: Անդրադառնալով համագործակցության նոր ուղղություններին՝ կողմերը կարևորել են առողջապահության (պոլիկլինիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում), բարձրագույն կրթության, մշակույթի, սպասարկման, հատկապես հանրային սննդի ոլորտներն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր