Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենքի նախագիծը
Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Առաջարկվում է բացառություն սահմանել հիմնադրամներից «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի համար, որպեսզի այս հիմնադրամը չկատարի այն վճարումները, որոնք նախատեսված են ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցումների համար: Հիմնավորվում է հետևյալ պատճառաբանությամբ, որ այստեղ ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական, սոցիալական խնդիր է, որ այս հիմնադրամն այդ վճարումները չկատարի: Մենք առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս օրենքում այդպիսի փոփոխություն կատարելուց, և նման տարբերակված մոտեցում չցուցաբերել հիմնադրամների համար, որովհետև հիմնադրամները կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունն են, որոնք հետապնդում են հանրօգուտ նպատակներ»,- ասաց Զեյնալյանը: