211652_close_icon
views-count9681 դիտում article-date 23:08 24-04-2019

Հաճախ էի բարձրանում կղզու ամենաբարձր կետը, նայում Սուրբ Խաչին, հետո շրջվում դեպի Սիփանը, փակում աչքերս ու լսում ծովի ձայնը. Մխիթար Հայրապետյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/HayrapetyanMkhitar]իր էջում [/url]գրում է. Հայրս արմատներով Վանից է, մայրս՝ Վանից ու Մուշից: Մինչ հեղափոխությունն աշխատանքի բերումով բազմիցս եղել եմ Պատմական Հայաստանում՝ տատերիս ու պապերիս ծննդավայրում: Առհասարակ, Վանա լիճն ու Աղթամարն իմ տարերքն էին… Հաճախ էի բարձրանում կղզու ամենաբարձր կետը, նայում Սուրբ Խաչին, հետո շրջվում դեպի Սիփանը, փակում աչքերս ու լսում ծովի ձայնը: Այդ ողջ ընթացքում մտածում էի նախնիներիս երազանքի մասին. ո՞րն էր նրանց երազանքը, ամեն կերպ փորձում էի «գտնել» այն, բայց չէր ստացվում: Այսօր մորս հետ այցելել էի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հարկավ, սա աննկարագրելի տխրություն և ցավ է մեր սրտերին, և ինչ էլ լինի՝ հասնենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանն ու հատուցմանը, այնուամենայնիվ, կարծում եմ՝ այդ տխրությունն ու ցավը երբեք էլ չեն թողնի մեր սրտերը: Սակայն Ծիծեռնակաբերդ գնալիս այսօր առաջին անգամ ինձ մի զգացողություն էր համակել, ասես, վերջապես «գտել» էի նրանց երազանքը: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ մասին պիտի երազեին տատերս ու պապերս, եթե ոչ անկախ, ինքնիշխան, ուժեղ կամ ուժեղացող պետության մասին, ինչի՞ մասին պիտի երազեին, եթե ոչ սեփական ուժերին հավատացող հպարտ ու ինքնավստահ ՀՀ քաղաքացու մասին: Ուրիշ ի՞նչ երազանք կարող էին ունենալ հարյուրամյակներ շարունակ օտարի լծի տակ տառապող, զրկանքներ կրող, նվաստացվող այն մարդիկ, որոնց օսմանյան օրենքը, օրինակ, արգելում էր անձրևի ժամանակ տնից դուրս գալ, դատարանում վկայություն տալ, ձի հեծնել, նրանց տները չէին կարող ավելի բարձր լինել, քան մուսուլմաններինը, գոյություն ուներ, այսպես կոչված, «ատամի հարկ» և բազում այլ ստորացուցիչ սահմանափակումներ: Ահա սա էր Օսմանյան կայսրությունն իր ողջ էությամբ, հետևաբար ասեք ինձ՝ ուրիշ ինչ երազանք կարող էին ունենալ մեր նախնիները, եթե ոչ այն պետությունը, որ այսօր միասին կերտում ենք, եթե ոչ այն վերափոխվող քաղաքացին, որ այսօր կերտվում է՝ որպես ուժեղ, հպարտ, իրավագիտակից անհատ: Եվ ուրեմն՝ Կա´նք։ Պիտի լինե´նք։ Դեռ շատանա՜նք: Ու պարտադրենք մեր կա´մքը:

Նմանատիպ նյութեր