211652_close_icon
views-count2689 դիտում article-date 10:36 24-04-2019

Ի վեր­ջո, Արծ­վա­շե­նը կորց­րե՞լ ենք, թե՞ փո­խա­նա­կել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արծվաշենը Հայաստանի Գեղարքունիքի մարզի էքսկլավն է (երկրի սահմաններից դուրս գտնվող տարածք) Ադրբեջանի տարածքում։ 1992 թվականի օգոստոսի 8-ից մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Համայնքից բռնի տեղահանված ընտանիքների թիվը կազմում է 719, որոնցից 664 ընտանիք բնակություն է հաստատել Հայաստանի Գեղարքունիքի մարզի բնակավայրերում, իսկ 55 ընտանիք՝ այլ մարզերի բնակավայրերում։ Գյուղը մինչև 1991 թվականն ունեցել է 4500 բնակիչ, գորգագործական և կոշիկի ֆաբրիկաներ, հաստոցաշինական գործարան, տեքստիլ արդյունաբերություն, 2 դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ և այլն։ Սա Արծվաշենին վերաբերող տեղեկությունն է, որին կարելի է հանդիպել համացանցային տիրույթում: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հեքիմյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ տարիներ շարունակ դիմում է ՀՀ գլխավոր դատախազությանը, որպեսզի պարզվի՝ արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Արծվաշենը Հայաստանը ոչ թե կորցրել է ռազմի դաշտում, այլ գյուղը փոխանակվել է կամ հանձնվել: «Մի քանի ագամ դիմել եմ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով, որպեսզի Արծվաշենը հանձնելու, փոխանակելու հետ կապված հարուցվի քրգործ և դրա շրջանակներում տրվեն մի շարք հարցերի պատասխաններ: Մասնավորապես, մամուլում հրապարակվել են մի շարք հոդվածներ, ըստ որոնց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Արծվաշենը մենք ոչ թե կորցրել ենք պատերազմի դաշտում, այլ փոխանակել ենք այլ տարածքների հետ: Արծվաշենի փոխանակումը կամ հանձնումը, ես չգիտեմ՝ ինչ բառ օգտագործեմ, եղել է 1992 թվականին: Լևոն Տեր-Պետրոսյանը և այն ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Բաղդասարյանն այս կամ այն առիթով հայտարարում են, որ մենք ոչ թե կորցրել ենք Արծվաշենը, այլ փոխանակել ենք այլ տարածքների հետ: ՀՀ քրեական օրենսգրքով տարածքներ փոխանակել չի կարելի: Դա քրեորեն հետապնդելի արարք է, որը, եթե չեմ սխալվում, պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ: Դիմելով դատախազությանը՝ պահանջում եմ, որպեսզի քրեական գործի շրջանակներում պարզվի՝ արդյոք ճի՞շտ են այդ հրապարակումները, գուցե փոխանակել ասելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այլ բան նկատի ունի և այլն: Դատախազությունից խնդրում, պահանջում եմ, որպեսզի քրեական գործի շրջանակներում այս բոլոր հարցերի պատասխանները տրվեն, ու եթե քրեորեն հետապնդելի արարք կա, ապա այն մարդը, որը դա իրականացրել է, անպայման դատապարտվի», - ասում է Հեքիմյանը: Նա նշում է, որ դատախազությունն անպատասխան չի թողնում իր նամակները: «Նախորդ տարիներին պատասխանները շատ հակիրճ էին: 2018 թվականին գրել էին, որ որևէ հիմք չկա քրգործ հարուցել, իսկ այս տարի ավելի ընդլայնված պատասխան էին տվել: Նորից գրել էին, որ հիմք չկա, հետո դե ֆակտո մեղադրել էին, որ քաղաքական վերացական մեկնաբանություններ եմ անում Արծվաշենի հետ կապված, առաջարկել էին ավելի կոնկրետանալ: Սակայն նորից եմ ասում՝ ես հղում եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանի ասածներին: Նա բացահայտ, տարբեր տեղերում ասել է, որ փոխանակել ենք Արծվաշենը, ես էլ նրա խոսքի հղումները տրամադրում եմ դատախազությանը: Նրանք էլ ինձանից պահանջում են ավելին: Բայց դրանից ավելի ի՞նչ ասեմ: Ի վերջո, ես որևէ գործընթացի չեմ մասնակցել», - եզրափակում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս հարցում հետևողական է լինելու և պարբերաբար դիմելու է դատախազությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր