211652_close_icon
views-count1300 դիտում article-date 22:36 23-04-2019

Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել հանդիպում՝ Հայոց ցեղասպանության մասին 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հեղինակ, ավստրալահայ գործիչ Արա Քեթիբյանի հետ

Հայ-Ռուսական համալսարանի գրադարանում այսօր տեղի է ունեցել հանդիպում 1890-1922 թթ․ԱՄՆ-ի թերթերում հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածներից կազմված «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հեղինակ, ավստրալահայ գործիչ Արա Քեթիբյանի հետ: «Մատենաշարի աշխատանքները սկսել ենք 2007թ.-ին: Մենք հավաքել ենք ԱՄՆ-ում գործող ամենանշանավոր «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post» թերթերի հոդվածները: Ամենադժվարը մեզ համար տեղանունների և անձնանունների բացատրական ցանկերը կազմելու գործընթացն էր, քանի որ հոդվածները լրիվ չէին, կտրատված էին, անունները աղավաղված էին, և մենք, օրինակ, մեկ տառի պատճառով ստիպված էինք լինում երեք ամիս ճշտել մեկ մարդու անունը»,- նշել է Արա Քեթիբյանը՝ հավելելով, որ ժողովածուի վերջին հինգ հատորը կհրատարակվի մինչև տարեվերջ: Մատենաշարի հատորներում առկա են 1894-1896 թթ․Համիդյան կոտորածներին, Հայոց ցեղասպանությանը, Հայ Դատին, հայ-թաթարական բախումներին, Հայկական հարցին, ինչպես նաև Նյու Յորքի և Բոսթոնի հայկական գաղթօջախների կազմավորմանը վերաբերող բազմաթիվ նյութեր։ Առաջին հինգ հատորում ներկայացված է 6696 հոդված: Իր հերթին Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գրքի հեղինակին մատենաշարի առաջին հինգ հատորը ՀՌՀ-ին նվիրաբերելու համար: «Այս շարքը հիանալի նվեր է մեր դասախոսների, ուսանողների, պատմաբանների և ցեղասպանագետների համար, որոնց համար սա հսկայական տեղեկատվության աղբյուր կհանդիսանա իրենց ուսումնասիրությունների համար»,- ընդգծել է նա: Քաղաքագետ Արա Պապյանն էլ իր խոսքում կարևորել է, որ վերոնշյալ մատենաշարը կարող է հետաքրքիր լինել նաև ազգագրագետներին և քաղաքագետներին: «Գրքերում զետեղված են տեղեկություններ այն ժամանակվա գյուղական կյանքի, տարբեր երկրների միջպետական հարաբերությունների, 1919-1920թթ. Փարիզի խաղաղության վեհաժողովի մասին և ոչ միայն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ հետագայում բոլորի համար հասանելի կլինի նաև գրքի առցանց տարբերակը: [b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր