211652_close_icon
views-count1253 դիտում article-date 16:58 23-04-2019

2019 թվականին Անասնաբույժի միջազգային օրը նշվում է ապրիլի 27-ին

Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը: 2019 թվականին Հայաստանում առաջին անգամ Անասնաբույժի միջազգային օրը կնշվի պետական աջակցությամբ ու նախաձեռնությամբ՝ ի դեմս ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ինչպես նաև «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի, որն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Ավստրիական զարգացման գործակալության և Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ֆինանսական աջակցությամբ: Տոնի շրջանակներում միջոցառումներ, սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ և հանդիպումներ են անցկացվել երկրի մարզերում: Ապրիլի 25-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանում կկազմակերպվի «Գիտության և գիտական հաստատությունների դերը անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով, իսկ ապրիլի 26-ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (հասցե` ՀՀ, Երևան, Մովսես Խորենացու 15, սկիզբը ժամը 10:00-ին) կանցկացվի գլխավոր միջազգային համաժողովը՝ «Անասնաբուժությունը հանուն առողջ հասարակության» խորագրի ներքո: Համաժողովը նպատակ ունի կարևորել անասնաբուժության ոլորտի և անասնաբույժի մասնագիտության դերը՝ որպես առողջ հասարակության գրավական, ձեռք բերել անասնաբուժության, ինչպես նաև ոլորտի վերահսկողության հարցում առկա խնդիրների, ընթացիկ ծրագրերի, համատեղ նախաձեռնությունների իրականացման, նորամուծությունների և գիտական հետազոտությունների վերաբերյալ տեղեկություններ, փոխանակել և տեղայնացնել լավագույն փորձը, իրազեկել հասարակությանը իրականացվող գործընթացների մասին: Պատմական ակնարկ Անասնաբուժության պատմական հայրենիքը համարվում է Ֆրանսիան, քանի որ հենց այս երկրի Լիոն քաղաքում է 18-րդ դարում Լյուդովիկոս XV-ի կողմից հիմնադրվել կենդանիների բժիշկների առաջին դպրոցը: Դպրոցի նպատակն էր կանխարգելել այն համաճարակները, որոնք դառնում էին ոչ միայն մեծ քանակությամբ ընտանի կենդանիների ոչնչացման պատճառ, այլև փոխանցվում էին մարդուն: Սակայն մարդու անասնաբուժական հմտությունները ձևավորվել են դեռևս հնագույն ժամանակներից, երբ մարդիկ սկսել են ընտելացնել կենդանիներին: Կենդանիների բուժման մասին հնագույն տեղեկությունները մեզ հասել են դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում Եգիպտոսում հայտնաբերված «Անասնաբուժական պապիրուս»-ից, որտեղ նկարագրված են կենդանիների և թռչունների մի քանի հիվանդություններ: Անասնաբուժությունը հիշատակվում է նաև հին հնդկական, պարսկական, հունական աղբյուրներում: Ռուսաստանում առաջին անասնաբուժական դպրոցը կազմակերպվել է 1733 թվականին, Մոսկվայի մոտ գտնվող Իտրոշյովո գյուղի ձիաբուծարանում։ Հայալեզու աղբյուրներում կենդանիների զանազան հիվանդությունները և դրանց կանխման ու բուժման ձևերն առաջին անգամ հիշատակվում են 13-րդ դարի սկզբներին Կիլիկիայի հայկական թագավորությունում արաբերենից թարգմանված «Գիրք վաստակոց»-ում: Ռուսական կայսրությունում Երևանի նահանգի կազմավորումից հետո, ռուս անասնաբույժների օժանդակությամբ, ստեղծվել են անասնաբուժարաններ և անասնաբուժական սահմանային կետեր։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո արդեն հիմնվել է անասնաբուժական սպասարկման լայն ցանց։ 1930 թվականին հիմնադրվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: ՀՀ ԿԵ ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր